
Քեմալ Աթաթուրքի հիմնած կուսակցության 50 նախկին պատգամավորներ պահանջել են Քըլըչդարօղլուի հրաժարականը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) 50 նախկին պատգամավորներ պահանջել են կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հրաժարականը:
Նրանց թվում են հայտնվել Քեմալ Անադոլը, Բյուլենթ Բարաթալըն, Շահին Մենգյուն, Զաքարիա Աքընջըն, Թունջայ Էրջենքը, Էրգյուն Այդողանը: Նրանք խստապես դժգոհ են, որ ԺՀԿ-ը նախագահական ընտրություններին գնացել է միասնական թեկնածուով՝ Էքմելեդդին Իհսանօղլու, ով տանուլ է տվել պայքարի առաջին իսկ փուլում:
Նրանք անձնական ռիսկ են համարել ԺՀԿ-ի կողմից Իհսանօղլուի թեկնածությունը հավանության արժանացնելը: Նախագահական ընտրությունները տանուլ տալուց հետո ԺՀԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացնելու է հաջորդ տարվա ամռանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Նոր Թուրքիային անհրաժեշտ է նոր ընդդիմություն: