
Նոր Թուրքիան ունի նոր ընդդիմության կարիք. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ստեղծման 13-ամյակին նվիրված կոնֆերանսում:
Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարիք ունի նոր ընդդիմության, իսկ հին ընդդիմությունը երկրի համար կորցրել է իր այժմեականությունը.
«Թուրքիային անհրաժեշտ է նոր ընդդիմություն, որն ունակ կլինի մրցակցել իշխող կուսակցության հետ: Երկրում անցկացված նախագահական ընտրություններն ակնառու ցույց տվեցին ընդդիմության ու նրա (միասնական) թեկնածուի թուլությունը: Նոր Թուրքիան ունի նոր ընդդիմության կարիք»:
Էրդողանը վերստին հայտարարել է, որ օգոստոսի 10-ի նախագահական ընտրությունների հաղթանակը ոչ թե միայն իրենն է, այլ՝ ողջ Թուրքիայինը, նրա 77 միլիոն բնակիչներինը: Էրդողանը հիշեցրել է, որ խորհրդարանում իր երդմնակալությունն անցկացվելու է օգոստոսի 28-ին:
Էրդողանը հիշեցրել է, որ 13 տարի առաջ (2001 թվական) իրենք հիմնեցին ԱԶԿ-ը, որն արդեն 12 տարի է (2002 թվականից), ինչ իշխում է Թուրքիայում: Էրդողանը հիշեցրել է նաև բնակչության բարօրության համար կատարված բարեփոխումների ու ներդրումների մասին: