Պուտինն Ուկրաինայում տիրող իրավիճակը որակել է որպես «արյունալի քաոս» և «եղբայրասպան հակամարտություն»
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յալթայում Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայում տիրող իրավիճակը որակել է որպես «արյունալի քաոս» և «եղբայրասպան հակամարտություն»:
Պուտինի խոսքերով՝ իրավիճակն ամեն օր դառնում է ավելի ու ավելի դրամատիկ, իսկ Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի է ունենում մասշտաբային հումանիտար աղետ:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է հարևան երկրի զարգացումներին և անելու է ամեն հնարավոր բան՝ հակամարտությունը հնարավորինս արագ դադարեցնելու համար, որպեսզի Ուկրաինայում դադարի արյունահեղությունը:
Պուտինը հայտարարել է, որ Ղրիմն այսօր նույնպես բացառիկ միավորիչ դեր խաղում Ռուսաստանի համար՝ հիշեցնելով, որ Ղրիմն ականատես է դարձել 20-րդ դարի քաղաքացիական պատերազմին, երբ ռուսների մի մասը սպանում էր մյուսներին: Պուտինը կարևորել է Ղրիմում երեք լեզուների՝ ռուսերեն, ուկրաիներեն ու Ղրիմի թաթարների լեզու, իրավահավասարության ապահովումը: