Ոստիկանությունը պատգամավորներին զրկել է անձեռնմխելիությունից
ԱԺ պատգամավորների անձեռնմխելիությանը հուժկու հարված է հասցվել, և ամառային այս շոգի պայմաններում նրանցից շատերը հայտնվել են շոկային վիճակում: Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը պատգամավորների հասցեով տուգանքներ է ուղարկել` ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
Նոր էին պատգամավորներն ուրախացել, որ վերջապես իրենց աշխատավարձն էլ բարձրացավ, և իրենք կկարողանան քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրել, երբ բարձրացած աշխատավարձերի հետ միաժամանակ՝ ստացան ծանուցումներ տուգանքների մասին: Կան պատգամավորներ, որոնք մեկ ամսվա համար 400 հազար դրամից ավելի տուգանքի ծանուցում են ստացել: Խեղճ պատգամավոր. աշխատավարձով ընտանիք և երեխա՞ պահի, թե՞ տուգանք վճարի:
ԱԺ պատգամավորներն այս վերահաս աղետից պաշտպանվելու համար երկու տարբերակ են մտածում. դիմել ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանին, որպեսզի նա բարեխոսի պատգամավորների համար Ոստիկանության ղեկավարության մոտ, կամ ընդհանրապես հրաժարվել տուգանքներ վճարելուց՝ հղում անելով իրենց սահմանադրական անձեռնամխելիությանը:
Պատգամավորները միշտ էլ խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իհարկե, բացառապես ազգային շահերը պաշտպանելու նպատակով ինչ-որ տեղ շտապելու, ընտրողների հետ հանդիպումից չուշանալու համար: Բայց որպեսզի պատգամավորները շարքային մահկանացուներից մի փոքր ավելի պաշտպանված լինեն, խորհրդարանի ղեկավարությունը նրանց հատուկ համարանիշեր էր բաժանում «օօ11» կոդով: Այս համարանիշերը բաժանվում էին՝ ըստ պատգամավորների ընտրատարածքի կամ նրանց հերթական համարի: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքից ընտրված պատգամավորին հասնում է «001օօ11» պետհամարանիշը:
Պատգամավորական համարանիշերով մեքենաներին մինչև հուլիս ամիսը տուգանքի ծանուցում չէին ուղարկում: Սրա պատճառն ամենևին էլ այն չէ, որ պատգամավորը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու արտոնություն ունի: Ուղղակի, ըստ Սահմանադրության՝ պատգամավորը համարվում է անձեռնմխելի անձ, և նրան քրեական և վարչական պատասխանատվության կարելի է ենթարկել միայն ԱԺ համաձայնությամբ: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածում ասվում է. «Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց Ազգային ժողովի համաձայնության»:
Այսինքն՝ Ոստիկանությունը մինչև այժմ մտավախություն է ունեցել, որ եթե պատգամավորին տուգանքի ծանուցում ուղարկվի, ապա դա կարող է դիտվել՝ որպես վարչական պատասխանատվության ենթարկելու ակտ: Դա հենց այդպես էլ կա, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունները կազմվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածների խախտման համար: Այսինքն՝ եթե պատգամավորը չվճարի իրեն ուղարկված վարչական խախտման համար կազմված արձանագրության մեջ նշված տուգանքի գումարը, ապա դա պետք է արվի դատական կարգով, իսկ դա կարող է արվել միայն ԱԺ համաձայնությամբ:
Այսինքն՝ յուրաքանչյուր անգամ դատարանը պետք է դիմի ԱԺ-ին և ստանա ԱԺ համաձայնությունը՝ պատգամավորի նկատմամբ վարչական պատասխանատվության հարց հարուցելու համար: Իսկ ինչո՞ւ է Ոստիկանությունը որոշել գնալ Սահմանադրության դեմ, և ինչո՞ւ է որոշել տուգանել պատգամավորական պետհամարանիշերով մեքենաներին:
Պատգամավորների մի մասը կարծում է, որ դրա պատճառն իրենց բարձրացած աշխատավարձն է, և պետությունը մի ձեռքով բարձրացնելով աշխատավարձը՝ մյուսով փորձում է այն հետ վերցնել: Մյուսները կարծում են, որ Ճանապարհային ոստիկանությունը փորձում է վրեժխնդիր լինել պատգամավորներից՝ հունիս ամսին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենգրքի որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելու համար: Այդ փոփոխությունների արդյունքում ճանապարհային երթևեկության որոշ տեսակի խախտումների համար տուգանքների չափը նվազեցվեց, և հիմա Ոստիկանությունը փորձում է այդ կորուստը լրացնել պատգամավորների հաշվին՝ նրանց ևս տուգանելով:
Բայց կա այլ՝ ավելի հիմնավոր պատճառ, որը ստիպել է Ոստիկանությանը դեմ գնալ սահմանադրական նորմին: Նույն ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը կազմված է 131 պատգամավորից: Սրանից կարելի է հետևություն անել, որ կարող է լինել 131 պատգամավորական պետհամարանիշ: Վերջին պատգամավորական պետհամարանիշը պետք է լինի «131օօ11», և այն պետք է պատկանի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, ով 131-րդ համարի պատգամավորն է:
Բայց անձամբ ես Երևանում տեսել եմ «999օօ11» պետհամարանիշով ավտոմեքենա, կան նաև 131-ից բարձր թվերով այլ պետհամարանիշեր ևս: Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ բաժանված է առնվազն 600 պատգամավորական պետհամարանիշ: Սա նշանակում է, որ այդքան մեքենայի սեփականատեր հայտարարվել է ՎԻՎ օրենսգրքի ճանապարհային երթևեկության կանոնների համար տուգանքներ սահմանող հոդվածներից վեր, Ճանապարհային ոստիկանության համար անձեռնմխելի:
Հիմա եթե Ճանապարհային ոստկանությունն ինչ-որ հայցով դիմի դատարան և պահանջի որևէ մեքենայի սեփականատիրոջ ենթարկել վարչական պատասխանատվության, ի՞նչ պետք է ասի ԱԺ ղեկավարությունը: Չի կարող, չէ՞, ասել, որ պատգամավորին չի կարելի վարչական պատասխանատվության ենթարկել, դա հակասահմանադրական է: Իսկ մի՞թե սահմանադրական է 600 պատգամավորական պետհամարանիշ բաժանելը: Գուցե Հայաստանում իսկապես 600 պատգամավոր կա, բայց դրա մասին որևէ մեկը չգիտի՞:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկ ամիս առաջ նամակ է ստացել Ոստիկանությունից, որտեղ նրան պարզ զգուշացրել են, որ այլևս ԱԺ ղեկավարության կողմից բաժանվող պատգամավորական պետհամարանիշերը չեն կարող անձեռնմխելիության երաշխիք լինել, և պատգամավորական պետհամարանիշերով մեքենաները ևս տուգանվելու են: ԱԺ ղեկավարությունը սրան չի պատասխանել, քանի որ նույն ԱԺ ղեկավարությունը, ինչպես նշեցինք՝ ինքն է խախտել օրենքը՝ պատգամավորական համարանիշ տալով ոչ պատգամավորներին:
Ստացվել է մի իրավիճակ, երբ դժվար է ասել՝ ո՞րն է պատգամավորի ավտոմեքենա, իսկ ո՞րն է ուղղակի գնված կամ նվիրված ԱԺ ղեկավարությունից, որը, մեր ունեցած տեղեկություններով՝ համարանիշերի առևտուրը սարքել էր շատ շահավետ և ոչ ռիսկային բիզնես:
Այս հարցն ընդհանրապես մի լուծում ունի. Հայաստանում պետք է վերացնել բոլոր հատուկ համարանիշերը՝ լինեն դրանք պատգամավորական կամ միջգերատեսչական: Օրինակ, ի՞նչ տրամաբանությամբ է, որ Դատախազության աշխատակիցներն ունեն սեփական կոդով համարանիշեր, իսկ հարկային մարմինների աշխատակիցները՝ իրենցը: Բոլորի համար էլ պարզ է, որ դա արվում է բացառապես մի բանի համար, որ այդ մեքենաների տերերը վեր լինեն օրենքներից, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն աչք փակեն նրանց խախտումների վրա: Արագաչափերը և տեսանկարահանող սարքերն այլևս չեն ճանաչում ո՛չ Դատախազության, և ո՛չ էլ հարկայինի, և ո՛չ էլ այլ միջգերատեսչական համարանիշեր: Պատգամավորները միակն էին, որ Սահմանադրությամբ օժտված էին անձեռնմխելիությամբ, բայց քանի որ ԱԺ ղեկավարությունն ինքն է խախտել Սահմանադրության 63-րդ հոդվածը և 131 համարանիշի փոխարեն՝ բաժանել է 600 և գուցե ավելի պետհամարանիշ, ապա հիմա չի կարող բողոքել, թե ինչու է Ոստիկանությունն ինքը խախտում Սահմանադրության 66-րդ հոդվածը:
Սահմանադրություն խախտելը հիմա ավելի անվտանգ զբաղմունք է, քան ճանապարհային երթևեկության կանոնները, քանի որ դրա համար որևէ պատասխանատվություն նախատեսված չէ և դրա համար տուգանքի ծանուցում չի ուղարկվում: