Ուկրաինան Խարկովի մարզում կփակի սահմանը «պուտինյան ավտոշարասյան» առջև
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից Ուկրաինայի ուղարկված «հումանիտար օգնությունը» տեղափոխող բեռնատարներին թույլ չեն տա անցնել Խարկովի մարզի տարածքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը.
«Պուտինյան որևէ «հումանիտար շարասյուն» չի անցնի Խարկովի մարզի տարածքով: Անթույլատրելի է մեր տարածքում ագրեսորի ցինիկ սադրանքը: Դա պաշտոնական դիրքորոշում է: Թող այդ 30 տոննա աղը, որը Պուտինը բերում է «հումանիտար օգնության» կազմում, պահի իրեն»:
Ռուսական հեռուստաալիքներն ու լրատվական գործակալությունները երեկ հայտնել են, որ Ռուսաստանն Ուկրաինայի արևելքի բնակիչների համար 300 բեռնատարով ուղարկել է հումանիտար օգնություն: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռ ամբողջովին տեղյակ չէ ռուսական շարասյան բովանդակության մասին: