Թուրքական Altay տանկի զանգվածային արտադրությունը կմեկնարկի 2015 թվականին
Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան ընտրել է իր հեռանկարային Altay հիմնական մարտական տանկի համար շարժիչ մշակող ընկերությանը: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն հայտարարել է, որ պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ են տարվում տեղական Tumosan ընկերության հետ:
Բանակցությունները հաջող են անցել: Ավելի վաղ հաղորդվել էր, թե թուրքական տանկի համար շարժիչների մատակարար կարող է դառնալ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունը, որի հետ բանակցություններ էին տարվում 2013 թվականի վերջից, սակայն ռազմական արտահանման վերաբերյալ Ճապոնիայում գործող արգելքը խոչընդոտեց դրան:
Թուրքական Altay հեռանկարային տանկի մշակմամբ զբաղվում է թուրքական Otokar ընկերությունը: Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորում է գնել 1000 տանկ: Դրանց արտադրությունն իրականացվելու է 4 փուլով. յուրաքանչյուր փուլում արտադրվելու է 250 մեքենա:
Ենթադրվում է, որ տանկի քաշը կազմելու է 60 տոննա, այն ունենալու է 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչ և 120 միլիմետր տրամաչափի հրանոթ: Altay տանկի զանգվածային արտադրությունը պլանավորված է 2015 թվականին: Ներկայումս տանկի նախատիպերը փորձարկումներ են անցնում:
Հիշեցնենք, որ Altay տանկն իր անվանումը ստացել է բանակի գեներալ Ֆահրեթթին Ալթայի պատվին, որ 1919-1923 թվականներին քեմալական շարժման ժամանակ գլխավորել է 5-րդ հեծյալ կորպուսը: Ի դեպ, Թուրքիան ներկայումս պլանավորել է իր ռազմական արտահանման ծավալը հասցնել մինչև 25 միլիարդ դոլարի: