Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է իր ռազմական արտադրանքի արտահանման ծավալը հասցնել մինչև 25 միլիարդ դոլարի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա տարիներին զգալիորեն մեծացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի արատահանման ծավալը:

2014 թվականի պլանի համաձայն, ռազմական արտադրանքի արտահանումը կազմելու է 1.6 միլիարդ դոլար, սակայն երկրի իշխանությունները կփորձեն դա հասցնել մինչև 2 միլիարդ դոլարի: Ռազմական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումը պլանավորված է անել մարքեթինգի ուժեղացման և Թուրքիայի տարածքում մատուցվող ծառայությունների ցուցակի ընդլայնման շնորհիվ:

Անկարան մտադիր է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) հայտնվել աշխարհի խոշորագույն ռազմական արտահանողների վեցյակում, իսկ թուրքական ռազմարդյունաբերական համալիրը խոստացել է այդ ընթացքում ռազմական արտադրանքի ծավալը հասցնել մինչև 25 միլիարդ դոլարի:

Վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն ընդլայնել է ռազմական արտադրանքի արտահանման ծավալը, մասնակցել է ինչպես պատրաստի սպառազինության ու տեխնիկայի, այնպես էլ դրանց տարբեր բաղադրատարրերի մշակման ու արտադրման միջազգային նախագծերին:

Պաշտոնական տվյալներով՝ եթե 2008 թվականին թուրքական ռազմական արտահանման ծավալը կազմել է մոտ 600 միլիոն դոլար, ապա 2011 թվականին այդ ցուցանիշն աճել է մինչև 887 միլիոն դոլարի, իսկ 2013 թվականին՝ 1.4 միլիարդ դոլարի:

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Թուրքիայի ռազմական արտահանման ծավալն արդեն իսկ կազմել է 600 միլիոն դոլար, ինչը 90 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան իր ռազմական արտադրանքն ու ծառայություններն արտահանում է աշխարհի 130 երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս