Վարդան Օսկանյան. Հայաստանն ու Ադրբեջանը բանակցված լուծման կհասնե՞ն
Al Jazeera-ն կիրակի հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Հոդվածը, որը վերնագրված է «Հայաստանն ու Ադրբեջանը բանակցված լուծման կհասնե՞ն», «Սիվիլնեթը» թարգմանաբար ներկայացված է ստորև:
Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ֆոնին որևէ մեկը կարծես թե որևէ այլ վայրում լարվածության, զոհերի և արյունահեղության համբերություն չունի։
Վերջին երկու շաբաթներին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները էապես դուրս եկան սովորական և թույլ հրաձգության սահմաններից՝ պատճառելով երկու տասնյակ զոհեր երկու կողմում։
Երբ Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկար ժամանակ պասիվ, բայց բոցկլտացող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պայթյունի նշաններ ցույց տվեց, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Իրանը և շատ այլ երկրներ շտապեցին զսպվածության, զինադադարի համաձայնագիրը հարգելու և ընդհատված բանակցություններն անմիջապես վերսկսելու կոչ անել։
Իսկապես, օգոստոսի 9-ին և 10-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին հանդիպեցին Ռուսաստանի զբոսաշրջային Սոչի քաղաքում։ Անկասկած, հրադադարի ռեժիմի հարգումն ու խաղաղության գործընթացում առաջխաղացումը եղել են օրակարգի հիմնական կետերը։ Այս նպատակներին հակված լինելը մի բան է, դրանք իրականացնելը՝ մեկ այլ։ Գերակա հանգամանքները, սակայն, հազիվ թե նպաստում են դրանց իրականացմանը։
Աշխարհում իր տեսակով սկսած 1994-ից միակ ինքնապահպանվող հրադադարը հաջողել է երկու պատճառով՝ հակառակորդ կողմերի միջև ռազմական հավասարակշռության և շարունակվող բանակցությունների նկատմամբ հույսի։ Վերջին երեք տարիներին այս երկու զսպող գործոնները լուրջ խախտվել են։
Դատելով Ադրբեջանի պաշտպանության և հայկական կողմի (Հայաստան և Ղարաբաղ) ներկա բյուջեների միջև հսկայական տարբերությունից ու Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի անհամաչափ գնումներից՝ Ադրբեջանում կարծում են, որ առավելություն ունեն ուժերի ռազմական հարաբերակցության տեսանկյունից։
Բացի այդ՝ վերջին տարիների խաղաղ բանակցությունների անարդյունավետությունը, երբ կողմերի միջև տարբերություններն ու անհամաձայնությունն ավելի խորացան ու ընդարձակվեցին, և դրան զուգահեռ ընդհատվեցին բարձր մակարդակի բանակցությունները, հուսահատության զգացում են ծնել խաղաղ կարգավորման հեռանկարների նկատմամբ։
Այդ իսկ պատճառով մեծ հավանականություն կա, որ իրադրության վերջին սրման նպատակն էր ստուգել ռազմական հավասարակշռությունը և վերստին գրավել հիմնական խաղորդների գերլարված ուշադրությունը հակամարտության վրա և ստիպել վերսկսել բարձր մակարդակի բանակցությունները։
Ինքնորոշման իրավո՞ւնք
Երեք գործոն կա, որ միշտ ազդել են և շարունակում են ազդել խաղաղ բանակցությունների ու կարգավորման գործընթացի վրա։ Առաջինը խոշոր տերությունների գլոբալ և տարածաշրջանային շահերն են ու նրանց ներկա փոխհարաբերությունները: Երկրորդը միջազգային հարաբերություններում գերիշխող միտումներն են, որոնք դրսևորվում են միջազգային կազմակերպությունների (ինչպիսին են ՄԱԿ-ն ու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը) օրակարգում և որոշումներում: Երրորդը հակամարտող կողմերի սեփական ներկա քաղաքական և տնտեսական իրադրությունն ու նրանց՝ խաղաղ գործընթաց ձևավորելու կարողությունը և ցանկությունն է։
Այս քսան տարիներին՝ դիվանագիտական գործունեության յուրաքանչյուր հաջորդ փուլի ընթացքում այս երեք գործոնները միշտ եղել են ազդեցիկ՝ թեև նախկինում ոչ այնքան զգալի, որքան այսօր։ Ավելին, դրանք բոլորը նախկինում երբեք չեն եղել այսպիսի հորդուն ու անկանխատեսելի ընթացքի վիճակում։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում երեք միջնորդներից երկուսը, տարաձայնություններ ունեն և չեն կարողանում համաձայնության գալ գլոբալ հիմնական խնդիրների շուրջ, ներառյալ՝ Ուկրաինայի և Սիրիայի հարցում։ Նրանց շահերը ներդաշնակ չեն նաև Կովկասում։ Այս իրադրությունը հետաքրքրական է և կարող է երկսայրի սուր լինել։ Կարելի է ենթադրել, որ նրանց միջև շարունակական ուժերի չափումը կներթափանցի ղարաբաղյան բանակցություններ, սակայն հնարավոր է նաև, որ երկու կողմերն այն օգտագործեն որպես հնարավորություն՝ ձգտելու բարելավել հարաբերությունները։ Ամեն բան կախված է դեպքերի զարգացումից։ Սակայն ջրերը ավելի են պղտորվում՝ եթե հաշվի ենք առնում էթնիկ հակամարտությունների և ինքնորոշման շարժումների հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակադիր դիրքորոշումները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: