
Վերջին 11 ամսում Էրդողանը 4 անգամ մերժել է հեռախոսազրույց ունենալու մասին Օբամայի առաջարկները. Sabah

Թուրքական Sabah իշխանամետ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին մեկ տարվա ընթացքում, երբ նա Թուրքիայի վարչապետն էր, 4 անգամ մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված նրա հետ հեռախոսազրույցներ ունենալու հետ:
Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև «դիվանագիտական շախմատը» սկսվել է 2013 թվականին, երբ Թուրքիան նույն թվականի սեպտեմբերին հայտարարեց հեռահար գործունեության զենիթա-հրթիռային համալիրների շուրջ մրցույթի արդյունքների և չինական ընկերության հաղթանակի մասին:
Դա մեծ դժգոհություն առաջացրեց ԱՄՆ-ում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պաշտպանական համակարգերի գնման հարցում նախապատվությունը տվել է չինական կողմին: Այդ իրադարձությանը նախորդել էին Գեզի այգու դեպքերը և հաջորդել է դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողությունը:
Այդ ամենի հետևանքով «սառը քամիներ» անցան Օբամայի և Էրդողանի միջև, և անգամ վերջին շրջանում Էրդողանը սկսել էր հեռախոսազրույցներ ունենալ միայն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: 2013 թվականի սեպտեմբերից մինչ այժմ՝ մոտ 11 ամսվա ընթացքում, ԱՄՆ-ից (Օբամայից) ստացվել է 4 առանձին հեռախոսազրույցի առաջարկ:
Առաջին առաջարկը ստացվել է 2013 թվականի սեպտեմբերին, սակայն Էրդողանը հետաձգել է այն: Էրդողանը նույն կերպ է վարվել հաջորդ երկու առաջարկների դեպքում: Վերջին առաջարկը ստացվել է 2014 թվականի հունիսի 30-ին, սակայն Էրդողանն այն հետաձգել է օգոստոսի 30-ին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Օբաման առաջիկա օրերին կզանգահարի Էրդողանին և կշնորհավորի նրան՝ Թուրքիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: