Համարժե՞ք է արդյոք Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը ստեղծված իրավիճակին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիայի ձայնին» տված իր հարցազրույցում անհանգստություն էր հայտնել շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով. «Ինչպես տեսնում եք՝ այն ընդհանրապես սառեցված չէ: Փորձեք ասել ասել սպանված կամ վիրավորված զինվորի մորը, որ սա սառեցված հակամարտություն է: Սա երբեք էլ սառեցված հակամարտություն չի եղել: Մենք շատ անհանգստացած ենք զարգացումներով: Պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակի հետ կապված: Առաջին բանը, որ ես ուրախ եմ նկատել, այն է, որ նախագահները հնարավոր է այսօր կամ վաղը հանդիպեն Սոչիում, և մենք հուսով ենք, որ նրանք կարող են խնդրի շուրջ առաջընթաց արձանագրել»:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում՝ երբեք էլ «սառեցված հակամարտություն չի եղել» ձևակերպումը, և արդյոք սա հնարավոր պատերազմի վերսկսման կանխատեսում չէ՞: Ի պատասխան՝ նա ասաց. «Չեմ կարծում, որ այս պահին մեծ հավանականություն կա պատերազմի վերսկսման: Ալիևը դժվար թե այդ տիպի մեծ արկածախնդրության գնա և հաշվի չառնի այն հանգամանքը, որ իրենց դիվերսիոն խմբերի արշավը խիստ հակահարվածի արժանացավ և մեծ կորուստներ ունեցան: Միանշանակ է, որ այս պահին Ադրբեջանը նույնիսկ փոքր-ինչ առաջխաղացման շանս չունի»:
Հարցին, թե համարժե՞ք է Ուորլիքի հայտարարությունը ստեղծված իրավիճակին, և արդյոք իրավիճակի նման սրման դեպքում ավելի կոշտ հայտարարություններ անելու ժամանակը չէ՞, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Երևի՝ այո, ժամանակն է, որովհետև հավասարության նշան դնելով ագրեսորի և պաշտպանվողի միջև, իհարկե, վիճակը չի փոխում, բայց քաղաքականություն է, ամեն մեկն իր շահն ունի և պարզ է, որ գերտերություններն իրենց շահերն են վեր դասում: Բնականաբար, այս պահին տարանջատում չեն դնի, ինչը կարծում եմ քաղաքական տեսանկյունից հասկանալի է: Իրենք այս պահին հավասարակշռություն են պահում հայտարարություններում: Այդ առումով` առանձնահատուկ մոտեցում ագրեսորի նկատմամբ չեն ցուցաբերի, բայց դա չի նշանակում, որ իրենք Ադրբեջանին միանշանակ կպաշտպանեն»: