Չինարի գյուղապետը՝ Կարեն Պետրոսյանի մահվան մասին. «Էնքան ծեծել են, սպանել են էրեխուն: Խի չտեսա՞ք՝ ինչպես էին խոշտանգում»

«Ինքը խելոք երեխա էր, դպրոց չի հաճախել, մինչև երրորդ դասարանն է գնացել, գրել կարդալ չգիտեր, իր համար հանգիստ ապրում էր իր ծնողների հետ, հող էր մշակում, գնում էր անտառ՝ փայտ էր բերում, անասուն էր պահում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը՝  խոսելով Ադրբեջանում գերեվարած և երեկ մահացած Կարեն Պոտրոսյանի մասին:

Հիշեցնենք, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության՝ Կարեն Պետրոսյանը մահացել է սրտանոթային սուր անբավարարության պատճառով, ինչը, սակայն, ՀՀ ՊՆ-ն երեկ հերքեց՝ հայտարարելով, որ Կարեն Պետրոսյանը որևէ առողջական խնդիր չի ունեցել:

Մեզ հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ տղան ունեցել է թեթևակի, ոչ արտահայտիչ հոգեկան խնդիրներ. «Մանկամիտ երեխա էր, էլի»,- նշում է Ս. Սաղոյանը:

Նա ևս մեկ անգամ նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը և ինչպես է 32-ամյա Կարեն Պետրոսյանը հայտնվել Ադրբեջանում: «Առավոտը տնից դուրս է եկել, ասել է՝ գնում անտառ՝ փայտի: Տեսել են, որ չկա: Մեկ էլ ինտերնետից իմացել ենք, որ արդեն ադրբեջանցիների մոտ է գտնվում: Ինձ տեղեկացրին, որ սենց-սենց հայտարարություն կա: Սկզբում հոր անունն էր գրված ադրբեջանական կայքերում, բայց հետո ճշտեցինք, որ հայրը տանն է, էրեխեն չկա: Հայտնեցինք տեղի սահմանապահներին, քարտեզով նայեցին՝ մոտավոր որ հատվածում է եղել, ավանակը գտանք, ինքը չկար…»,- պատմում է գյուղապետը:

Կարդացեք նաև

Նա ևս պնդեց, որ Կարենը հիվանդություն չի ունեցել, ինչպես ներկայացնում են ադրբեջանական կայքերը. «Ոչինչ էլ չի եղել, էնքան ծեծել են, սպանել են էրեխուն: Խի չտեսա՞ք՝ ինչպես էին խոշտանգում էրեխուն»:

Սամվել Սաղոյանը նշեց, որ Կարեն Պետրոսյանի քույրն ու եղբայրը Հայաստանում չեն՝ դրսում են, իսկ Կարենն ամուսնացած չէր ու ապրում էր ծնողների հետ:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կ.Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, Ս. Սաղոյանը պատասխանեց. «Աշխատում ենք այդ ուղղությամբ «Կարմիր Խաչի» հետ: Տեսնենք՝ ինչպես կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս