Բաժիններ՝

Մաշկի ճիշտ խնամքը ամռան ընթացքում

Մաշկաբան Դավիթ Ասմարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց ամռանը մաշկի խնամքի եւ սխալ արեւայրուքի հետեւանքների մասին. «Մենք գտնվում ենք այնպիսի կլիմայական գոտում, որ մշտապես ունենում ենք մաշկի հետ կապված խնդիրներ: Հիմնական խնդիրը մաշկի չորությունն է, որի պատճառը մաշկի սխալ խնամքն է: Պետք է տանից դուրս գալիս հագնել ավելի լայն հագուստ, քան մեր մարմնի չափն է, որ մաշկը կարողանա շնչել: Պետք է օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, գլուխը պաշտպանել գլխարկներով, տեղաշարժվել փողոցի ստվերոտ հատվածներով: Պետք է օգտագործել տարբեր լոսիոններ, որոնք լինում են տարբեր տեսակի` կախված մաշկի գույնից և արևի քանակից: Լոսիոնները պարտադիր 3 ժամը մեկ պետք է քսել»:

Սևանում լողալ սիրողներին մաշկաբանը խորհուրդ է տալիս ափին մնալ մինչև 13:00-ն կամ 17:00-ից հետո. «Ցերեկվա ժամերին արևի տակ մնալ չի կարելի, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթները առաջացնում են մաշկի տարբեր խնդիրներ` առաջին աստիճանի այրվածքներ, մելանոմա (մաշկի ուռուցք), վիտիլիգո և քլազմա հիվանդություններ, ֆոտոդերմատիտներ:

Հիվանդ, ծեր, նիհար մարդկանց չի կարելի կանգնել արևի տակ: Երեխաներին կարելի է լողափում մնալ մինչև ժամը 11:00-ն և 20:00-ից հետո, երբ արևը մայր է մտնում: Երեխան կարող է օրվա D վիտամինի քանակը ստանալ ընդամենը 5 րոպե արևի տակ կանգնելով` առավոտյան ժամերին»:

Մաշկաբանի խոսքով՝ հիվանդներն իրենց սկսում են դիմել սեպտեմբեր ամսից, լողափներում այրվածքներ ստալուց հետո մաշկի վրա թարախային խնդիրների, տարբեր վիրուսային խնդիրների առկայությամբ.

«Անխուսափելի արևայրուքից հետո, եթե ձեռքի տակ չկան միջոցներ, կարելի է սովորական սառը ջրով լվանալ մաշկը, որը մաշկի` արևից ստացած մեծ էներգիան ցրելու լավագույն միջոցն է: Կարելի է նաև օգտագործել չիչխանի յուղ, որն ունի վերականգնող հատկություն: Պետք է մեծ քանակությամբ հեղուկ ընդունել և դժվարամարս սննդից խուսափել»,- ասաց նա:

Մասնագետը միաժամանակ տեղեկացրեց, որ հիմա ավելի քիչ են առաջանում նմանատիպ խնդիրներ, որովհետև մարդիկ տեղեկացված են և կարողանում են պաշտպանել մաշկը տարբեր ազդեցություններից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս