Բաժիններ՝

Եթե Թուրքիան լիներ ԵՄ-ի անդամ, ապա Էրդողանը հայերի մասին իր խոսքերի համար կկանգներ դատարանի առջև. ԺՀԿ

Թուրքական Hürriyet ‎թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ևս մեկ անգամ քննադատել է երկրի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանին՝ կապված հայերի վերաբերյալ սկանդալային հայտարարություն անելու հետ:

ԺՀԿ գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը հայտարարել է, որ նման հայտարարություն անելով՝ Էրդողանը թե՛ հանցանք, թե՛ մեղք է գործում: Հիշեցնելով, որ 2005 թվականին Թուրքիայի կառավարությունն առաջնահերթ է համարել ԵՄ-ին անդամակցելը՝ Թեքինը հայտարարել է, որ եթե Թուրքիան անդամակցած լիներ ԵՄ-ին, ապա Էրդողանը կկանգներ դատարանի առջև՝ ատելություն սերմանելու համար.

«Էրդողանի խոսքերը միայն օրենսդրական տեսանկյունից հանցանք չեն: Դրանք միաժամանակ մեղք են: Մի՞թե մեծ մեղք չէ մարդկանց զգացմունքները վիրավորելը: Վարչապետը թե՛ հանցանք, թե՛ մեղք է գործում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և Էրդողանը հերթական անգամ իր հակահայկական հայտարարություններով ու քայլերով ցանկանում է հավելյալ քվեներ կորզել ազգայնական ընտրազանգվածից: Էրդողանը հաշվի է առնում, որ Թուրքիայի հայ համայնքը (ընտրողների թիվը) փոքրաթիվ է, մինչդեռ ազգայնականների թիվը հաշվվում է միլիոններով:

Առաջնորդվելով նույն մոտեցմամբ՝ Էրդողանը 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ «այլանդակ» էր որակել Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող (մարդկության) հուշարձանը և կարգադրել էր ապամոնտաժել այն:

Ինչ վերաբերում է ԺՀԿ-ին, ապա թվում է, թե նա ստանձնել է հայերի պաշտպանի դերը, ինչն ամենևին էլ այդպես չէ: ԺՀԿ-ը պարզապես բաց չի թողնում նախագահական ընտրություններից առաջ Էրդողանին հերթական անգամ քննադատելու (վարկաբեկելու) իրեն ընձեռված հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս