
Նրանք ինձ անվանել են վրացի և որ ավելի վատ է՝ հայ. Էրդողանի սկանդալային հայտարարությունը

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը NTV հեռուստաալիքի «Թեկնածուներն են խոսում» հաղորդման ժամանակ սկանդալային հայտարարություն է արել, ինչը տարատեսակ քննարկումների առարկա է հանդիսացել սոցցանցերում և ընդհանրապես:
Խոսելով ինքնության թեմայի մասին՝ Էրդողանը հայտարարել է. «Նրանք ինձ անվանել են վրացի: Ես ներողություն եմ խնդրում սրա համար, սակայն նրանք անգամ ասել են ավելի վատ բան. նրանք ինձ անվանել են հայ: Սակայն ես թուրք եմ, պապական ու հորական կողմից թուրք եմ»:
Էրդողանի այս հայտարարությունը մեծ վրդովմունք է առաջացրել, նրան մեղադրել են ռասիզմի և ազգային փոքրամասնություններին և մասնավորապես Թուրքիայի հայ քաղաքացիներին վիրավորելու մեջ:
Թերթն ընդգծում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Էրդողանը ներողություն է խնդրում իրեն Թուրքիայի ազգային փոքրամասնություններից մեկի ներկայացուցիչ անվանելու համար: Նախորդ դեպքում էլ նա ներողություն էր խնդրել իրեն հույն անվանելու համար:
Նախորդ շաբաթ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին խորհուրդ էր տվել չթաքցնել, որ ալևի է՝ ընդգծելով, որ ինքը չի թաքցնում, որ սուննի է:
Էրդողանը նաև հայտարարել էր, որ քրդերի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշն էլ զազա, և որ կարիք չկա թաքցնելու սեփական ինքնությունը: