Ադրբեջանցի զինծառայողները չեն հասկանում ու չեն վստահում ողջ կյանքում ժողովրդի ցասումը ճնշած Զաքիր Հասանովին. Ֆահրադդին Աբոսզոդա
REX լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թալիշական ծագում ունեցող (Ադրբեջանում ծնված) քաղաքագետ ու հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան «Իլհամ Ալիևի «զվարճական զինվորիկները»» խորագրով իր հոդվածում անդրադարձել է օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումներին.
«Անցնող շաբաթն առավել հասկանալի դարձրեց ադրբեջանական բանակի ոչ վաղ անցյալի աղետի հանգամանքները: Այսօր անձամբ ես որևէ կասկած չունեմ, որ հակառակորդի թիկունք դիվերսանտներ ուղարկելու արկածախնդրությունն անձամբ ղեկավարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Դրա անուղղակի ապացույցն այն է, որ զորահրամանատարներից ոչ մեկն էլ խիստ հանդիմանության չի արժանացել այդ աղետի համար: Դատելով այդ ամենից՝ Իլհամ Ալիևն այս անգամ որոշել էր փորձել բառի ամենաուղիղ իմաստով գերագույն գլխավոր հրամանատարի դերը՝ հակառակորդի թիկունք ուղարկելով դիվերսիոն խմբեր:
Չի բացառվում, որ նա պատրաստվում էր զգալի վնաս պատճառել հակառակորդին, որպեսզի հետագայում «իրեն ցույց տար» Սոչիում իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Սակայն գործնականում դա ավարտվեց Ադրբեջանում տասնյակ ընտանիքների համար աղետով, որոնք նախագահի կողմից անգամ չարժանացան ցավակցական խոսքերի:
Իսկ «զվարճական զորքերի» առաջին զինվորի դերում հանդես է գալիս պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով ավելի վաղ ծառայել է ներքին զորքերում: Ադրբեջանի իրողղությունները հաշվի առնելով՝ դա նշանակում է, որ նա ողջ կյանքի ընթացքում ճնշել է ժողովրդի ցասումը՝ ապահովելով «իր» նախագահի անվտանգությունը:
Դրա համար էլ երբ այժմ նա ցանկանում է, որ այդ նույն ժողովրդի զավակներն իր հրամանատարության ներքո պաշտպանեն հայրենիքը, զինվորները պարզապես չեն հասկանում և չեն վստահում նրան:
Պաշտպանության նախարարի պաշտոնում Հասանովի գտնվելու ժամկետն արդեն ապացուցել է, որ նրան կատարելապես հասու չեն ռազմագիտության ու ռազմական գործողություններ վարել կարողանալու գաղտնիքները, քանի որ ողջ կյանքում նա զբաղվել է միայն ցույցերի ցրմամբ, իսկ նման կարևոր ռազմական գործողության ժամանակ հանգստանալիս է եղել թուրքական Բոդրումում:
Այդպիսի զվարճանքի արդյունքն արդեն իսկ հայտնի է համայն աշխարհին: Իլհամ Ալիևը խայտառակվեց և հարկադրված եղավ մի քանի օր թաքնվել ժողովրդի աչքից: Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ հրադադարը խախտել են հայերը, ապա միևնույն է՝ ի հայտ են գալիս ադրբեջանական ղեկավարությանը և նրա քարոզչությամբ զբաղվող լրագրողներին ու վերլուծաբաններին հասցեագրված լուրջ հարցեր:
Օրինակ, այդ դեպքում ինչո՞ւ ձեր «Հարավային Կովկասի ուժեղագույն» բանակը չկարողացավ հետ մղել հայերի հարձակումը: Դուք մշտապես վստահեցնում եք, որ ուր որ է՝ վրա կհասնի Հայաստանի կործանումը, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառում է «ռազմական հնոտիներ», իսկ Ադրբեջանն ունի ամենաժամանակից տեխնիկա ու սպառազինություն:
Ինչպե՞ս Ղարաբաղյան բանակը նման «հնոտիով» կարողացավ ոչնչացնել ու վիրավորել ադրբեջանցի տասնյակ զինծառայողների, որոնց, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքերով՝ որոշել են հուղարկավորել ոչ թե անմիջապես (ինչպես դա պահանջում է շարիաթը), այլ՝ մի քանի օրվա ընթացքում, որպեսզի բնակչությունը չկարծի, թե նրանք զոհվել են մեկ օրում»:
Արդյունքում, Իլհամ Ալիևը, ով պատրաստվում էր Սոչիում քննարկել Ղարաբաղի ճակատագիրը, այժմ հարկադրված է քննարկել «Ադրբեջանի Հանրապետություն» անունով պետական կազմավորման ճակատագիրը»: