Ադրբեջանի ՊՆ-ը հանրության ցասումից փրկվելու համար 1 օրում կրած կորուստները բաժանել է 3 օրվա. Ուզեիր Ջաֆարով

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Facebook-ի իր էջում հերթական անգամ անդրադարձել է վերջին օրերին շփման գծում գրանցված բախումներին՝ ներկայացնելով դրանց առնչվող իր դիտարկումները:

Հիշեցնելով, որ հանդիսանում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից՝ Ջաֆարովը գրել է. «Մեր զինված ուժերը ճակատի տարբեր ուղղություններում կրել են խոշոր կորուստներ: Վերջին 20 տարում մեկ օրում չէին տվել այդչափ կորուստներ:

Այժմ ՊՆ-ը, իրեն հասարակության ատելությունից ու ցասումից ապահովագրելու համար, մեր տված կորուստները բաժանել է երեք օրվա, որպեսզի չստացվի, թե մեկ օրում ենք տվել այդչափ կորուստներ, և ստացվի, որ դրանք գրանցվել են մի քանի օրում:

Բավական լուրջ հայտնում եմ, որ վերջին ժամերին ոչ միայն երկրի ներսում, այլև՝ նրա սահմաններից շատ և շատ դուրս մարդիկ վերապրել են մեծ անհանգստություններ:

Հայկական քարոզչամեքենան առաջին օրվանից մեծ արագությամբ լծվել է գործի, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ը ճակատային գծում տիրող իրավիճակի մասին առաջին անգամ հայտնել է միջադեպից միայն երեք օր անց»:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից շփման գծի մոտ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ օդ բարձրացնելուն և ծանր տեխնիկայի տեղաշարժեր կատարելուն՝ Ջաֆարովը «կաբինետային գեներալներին» զգուշացրել է պատերազմ սկսելու ֆինանսական ծանր բեռան մասին:

Նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից երկրի արևելքում ձեռնարկած ռազմական գործողության մեկ օրն արժենում է ուղիղ 6 միլիոն դոլար:

Ջաֆարովը նշել է, որ պատերազմը մանկական խաղ չէ, որ այն սկսելուց առաջ պետք է ամեն ինչ լավ ծանրութեթև անել, և որ եթե վաղն իսկապես սկսվի պատերազմ, ապա հայտնի չէ, թե իրենց վրա ինչպիսի ծանր հետևանքներ կունենա այդ արկածախնդրությունը:

Տեսանյութեր

Լրահոս