Հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն առաջարկել է անդրադառնալ վերջին 10 օրվա ընթացքում շփման գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը: Հաղորդմամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը (առանձին):
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անունից խորին ցավակցություն է հայտնել քաջաբար ընկած զինվորների ծնողներին ու հարազատներին և առաջարկել մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհված հերոսների հիշատակը:
Շարունակելով նիստը, վարչապետը հիշեցրել է, որ ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի ակտիվ, համակարգված միջոցառումներ է իրականացնում հարկային դաշտում՝ բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու, այդ թվում բոլոր գործարքների համար փաստաթղթավորման պահանջներն իրականացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ ներկայացնելու, թե ինչ ձեռքբերումներ, բացթողումներ և անելիքներ կան նշված ոլորտում:
Նախարար Գագիկ Խաչատրյանը նախ համառոտ ամփոփել է երկրի տնտեսության զարգացման 2014թ. անցած 7 ամսվա արդյունքը՝ նշելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 3.4 տոկոս: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային միջոցառումներից նախարարը թվարկել է ս.թ. հունվարի 1-ից 1 տոկոս շահութահարկի նվազագույն գումարի վճարման պահանջի վերացումը, ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը և այլն: Այնուհետև Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Դրանք արդեն իսկ հուսադրող են. հուլիս ամսվա ընթացքում ինքնահայտարարագրման միջոցով ճշգրտվել են շուրջ 550 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, ավելի քան 600 գործատուներ ճշգրտել են իրենց աշխատողների թվաքանակը կամ աշխատավարձի չափերը, ընդհանուր առմամբ բարելավվել է փաստաթղթաշրջանառության մակարդակը: Ֆինանսների նախարարը նշել է նաև ոլորտում առկա խնդիրները, հարկային մարմինների անելիքները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել սկսված գործընթացի շարունակումը, պետբյուջեի մուտքերի ավելացումը:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել նախատեսված հարցերի քննարկմանը: