Ադրբեջանի իշխանությունները գիտակցաբար ու մեթոդաբար ճնշում են քաղաքացիական հասարակությանը. Էշթոն և Ֆյուլե
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում դատապարտել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանը հալածելը:
Նրանց տարածած համատեղ հայտարարությունում նշված է. «Մենք մտահոգությամբ ենք ընդգծում Ադրբեջանում հերթական հանրահայտ իրավապաշտպանի՝ Ռասուլ Ջաֆարովին կալանավորելը: Նրան պատասխանատվության են ենթարկել այս տարվա փետրվարի 12-ին ընդունված ուղղումների հիման վրա, որոնց կապակցությամբ մենք մտահոգություն էինք հայտնել (այն ժամանակ):
Լեյլա Յունուսի կալանավորումից անմիջապես անց Ջաֆարովի կալանավորումը, և դրան հաջորդած Լեյլա Յունուսի ամուսին Արիֆ Յունուսի կալանավորումն ուժեղացում են այն տպավորությունը, որ իշխանությունները գիտակցաբար ու մեթոդաբար կրճատում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության կենսագործունեության ոլորտը:
Մենք մտահոգություն ենք հայտնում նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ, և կարծում ենք, որ քաղաքացիական հասարակությունն էական դեր է խաղում հակամարտությունների ժամանակ քաղաքացիների հիմնարար ազատությունների պաշտպանության հարցում:
Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պահպանել Եվրոպայի Խորհրդի չափորոշիչները, որի անդամ է Ադրբեջանը: Մենք նաև իշխանություններին կոչ ենք անում վերանայել քաղաքացիական հասարակության հանդեպ քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Էշթոնն ու Ֆյուլեն դատապարտել էին Ադրբեջանում Լեյլա Յունուսին կալանավորելը: