
Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն դատապարտել են Ադրբեջանում Լեյլա Յունուսին կալանավորելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խորին մտահոգություն են հայտնել Ադրբեջանում իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանավորման կապակցությամբ:
Նրանց տարածած համատեղ հայտարարությունում նշված է. «ԵՄ-ը գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները: Սակայն այդ հարաբերությունները չեն կարող հասնել իրենց ամբողջական պոտենցիալին՝ առանց հարգելու սեփական միջազգային պարտավորությունները՝ ներառյալ Եվրոպայի Խորհրդի, Նախարարների կոմիտեի, որում նախագահում է Ադրբեջանը, առջև ստանձնածները»:
Հայտարարությունում նշված է, որ Լեյլա Յունուսին կալանավորելը հանդիսանում է իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության դեմ կիրառվող սահմանափակումների բաղկացուցիչ մասը: Լեյլա Յունուսին կալանավորել են 3 ամսով, նրա դեմ ներկայացված է 5 մեղադրանք:
Նրա ամուսին Արիֆ Յունուսը գտնվում է ոստիկանների վերահսկողության ներքո, նրա դեմ նույնպես ներկայացվել են նմանատիպ մեղադրանքներ: Amnesty İnternational-ը Լեյլա Յունուսին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: