Ադրբեջանի ՊՆ-ը զգուշացրել է ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին
Modern.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հասարակության հետ կապերի բաժնի պետ Վագիֆ Դերգահլին հայտարարել է, որ հայկական կողմն օգտվում է իրենց հրապարակած յուրաքանչյուր տեղեկատվությունից.
«Սոցցանցերում տեղեկատվություն է տարածվում զորամասերի տեղակայման, ռազմական տեխնիկայի շարժի մասին, անձնական տեղեկատվություն է հրապարակվում զորամասերի հրամանատարության մասին, ներկայացվում են անուններ, ազգանուններ, կոչումներ, պաշտոններ: Մի շարք ԶԼՄ-ներ էլ հրապարակում են այդ ամենը:
Մենք քանիցս հայտարարել ենք, որ դա անթույլատրելի է, որ դա առաջին հերթին վնասում է Ադրբեջանի ազգային շահերին: Մենք՝ որպես ՊՆ, ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս նման տեղեկություններ տարածելիս ցուցաբերել զգուշավորություն: Վերջիվերջո, հակառակորդի հետախուզությունը քնած չէ»:
Հիշեցնենք, որ թալիշական ծագում ունեցող (Ադրբեջանում ծնված) քաղաքագետ ու հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան ադրբեջանական բանակի խնդիրների մասին երեկվա իր հոդվածում գրել էր, որ Բաքվի ԶԼՄ-ները, կարծես թե, բնակչության մարտական ոգին բարձրացնելու նպատակով տեղեկություններ ու լուսանկարներ են հրապարակում ադրբեջանական բանակի զորաշարժերի, ծանր տեխնիկայի ու սպառազինության տեղաշարժի մասին, ինչն անթույլատրելի է պատերազմող յուրաքանչյուր երկրի համար: