Նման բանակով պատերազմ սկսելու դեպքում Իլհամ Ալիևին սպառնում է ավելի մեծ տարածքներ կորցնելը՝ ընդհուպ մինչև Կուր գետը. Ֆահրադդին Աբոսզոդա
Այսօր REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է թալիշական ծագում ունեցող (Ադրբեջանում ծնված) քաղաքագետ ու հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի «Դատապարտվածները. արյունառություն ադրբեջանական ձևով» խորագրով հոդվածը, ինչը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Հոդվածը նվիրված է ոչ վաղ անցյալում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրանցված զինված ուժերի արյունալի միջադեպին, ինչը վառ կերպ ցույց տվեց ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում ստեղծված խուճապը: Երկրի իշխանությունները ստեղծված իրավիճակը օգտագործում են հերթական անգամ բնակչության շրջանում ռազմական փսիխոզ ներարկելու կամպանիա սկսելու համար:
Տվյալ ռազմական միջադեպն Ադրբեջանի տեղեկատվական ոլորտի ամենաքննարկվող ու հանրահայտ թեման է: Այսօր մենք Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումների վերլուծության հիման վրա կփորձենք ամփոփել այդ միջադեպի մի շարք արդյունքներ:
Այդ հրապարակումներից արվող գլխավոր եզրակացությունը հետևյալն է. (իրական պատերազմի տեսանկյունից) ոչ մեծ միջադեպը մերկացրեց ադրբեջանական հասարակության ու պետության բոլոր «թարախոտ վերքերը» և ապացուցեց նրանց լիակատար դատապարտված լինելը: Փորձենք այդ եզրակացությունը հիմնավորել կոնկրետ փաստարկներով:
1) Միջադեպն ապացուցեց գալիք պատերազմին բանակի ու հասարակության լիակատար անպատրաստ լինելը, որի (պատերազմի) մասին սիրում է բարձրաձայնել Ադրբեջանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը:
Որովհետև բանակը միայն ժամանակակից տեխնիկան ու սպառազինությունը չեն, շփման գծում կանգնած որոշակի զինվորներն ու սպաները չեն, բանակը նաև բարձր պրոֆեսիոնալիզմով զինվորականներն են, որոնք ունակ են մշակել հստակ ու պարզ պլաններ՝ հակառակորդի դիմակայությունը հաղթահարելու և դրանք գործնականում կիրառելու համար:
Ադրբեջանում ի՞նչ նորմալ բանակի մասին կարող է խոսք լինել, երբ հակառակորդի թիկունքում դիվերսիա կազմակերպելու մասին գերգաղտնի տեղեկատվությունը նախապես հայտնի է դառնում հակառակորդին, ով փաստացիորեն նստել և սպասել է անկոչ հյուրերին և նրանց դիմավորել է «ամենաարժանի ձևով»:
Ստացվում է, որ հայկական կողմն Ադրբեջանի զինված ուժերի համակարգում և հակառակորդի քաղաքացիական բնակչության շրջանում իր գործակալների շնորհիվ ամբողջական տեղեկատվություն ունի Ադրբեջանի զորքերի տեղակայման և նրանց ամենափոքր տեղաշարժերի մասին:
Բացի այդ, Բաքվի ԶԼՄ-ները, կարծես թե, բնակչության մարտական ոգին բարձրացնելու նպատակով տեղեկություններ ու լուսանկարներ են հրապարակում ադրբեջանական բանակի զորաշարժերի, ծանր տեխնիկայի ու սպառազինության տեղաշարժի մասին, ինչն անթույլատրելի է պատերազմող յուրաքանչյուր երկրի համար: Ի հավելումն՝ ադրբեջանական բանակի համար սովորական երևույթ է կոռուպցիան:
Այդպիսի տխուր իրավիճակում գտնվող բանակի համար տվյալ միջադեպը մարդկանց մտածողության մեջ ի հայտ է բերել նոր պահեր: Առաջին անգամ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև՝ մի շարք հասարակական ու կուսակցական գործիչներ տագնապ են բարձրացրել՝ հարցնելով, թե «ինչո՞ւ են զոհվածների թվում բացակայում հասարակության ունևոր խավի անդամների որդիները»:
Օրինակ, Մուսթաֆա Գաջիբեյլին Moderator.az-ում հարց է բարձրացրել, թե ինչու միայն հասարակության աղքատ շերտի երեխաները պետք է պաշտպանեն հայրենիքը: Իսկ Գյոզալ Բայրամլիի կարծիքով՝ զոհվածների թվում պաշտոնյաների երեխաների բացակայությունը վկայում է, որ իշխանությունները մանիպուլացնում են Ղարաբաղի հարցը, ինչի հետևանքով աղքատների որդիները դառնում են իշխանությունների քաղաքական խաղերի զոհը:
Նախիջևանյան կլանի անդամ, պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան Axar.az-ի կայքում հրապարակել էր «Ո՞վ է վարելու պատերազմը» խորագրով ուշագրավ հոդված, որում նա առանձնացրել է «4 ուժի», որոնք ունակ են «սկսել և վարել պատերազմը». 1) պետությունն իր ռազմական ինստիտուտների հետ, 2) ժողովրդի հետ պետության քաղաքական ու գործնական միասնությունը, 3) պետությանը չենթարկվող Guerilla-ն՝ պարտիզանական դիվերսիոն խմբերը, 4) բանակը կամ էլ ուժային կառույցներից մեկի ոչ պաշտոնական միավորները:
Նա խոստովանում է, որ դրանցից կա միայն առաջին տարբերակը, քանի որ «չի տեսնում պետության կողմից ժողովրդի ռեսուրսի օգտագործմամբ ավելի լայնամասշտաբ պատերազմ վարելու հնարավորություն»: Այսինքն, բնակչությունն ի վիճակի չէ պատերազմ վարել, առավել ճշգրիտ՝ ժողովուրդը չի ցանկանում պատերազմել հանուն այս պետության (իշխանության):
Ինչ վերաբերում է պարտիզանական խմբավորումներին, ապա նրա կարծիքով՝ «նրանք վերջին 22 տարում ոչ միայն Հայաստանում, այլև՝ գրավված տարածքներում չեն կարողացել իրականացնել դիվերսիոն որևէ գործողություն»: Ստացվում է, որ նրանց վրա նույնպես պետք չէ շեշտադրում կատարել: Ցավոք պետք չէ հույս դնել նաև օտար երկրների վրա.
«Մեր ամենամոտ դաշնակից Թուրքիան անգամ հանուն իր հեղինակության, չի կարողանում պատերազմել Իրաքում ու Սիրիայում, և հետևաբար միամիտ կլինի կարծելը, թե նա կսկսի պատերազմել Ղարաբաղում»:
2) Դեռ միջադեպի առաջին օրը մի շարք փորձագետներ Բաքվի ԶԼՄ-ներում հանդես եկան երկրի ռազմական ղեկավարության քննադատությամբ և անգամ պահանջեցին, որ նա հաշվետվություն ներկայացնի աղետի պատճառների մասին:
Սակայն արդեն հաջորդ օրը, նրանք բոլորն էլ, կարծես թելադրանքով, սկսեցին արդարացնել պաշտպանության նախարարին և ողջ մեղքը բարդել Մոսկվայի վրա՝ նրան մեղադրելով «Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու» մեջ:
Երկրորդ ճակատն ուշադրություն շեղելուց բացի, հանդիսանում է նաև Արևմուտքի գեոռազմավարական և տնտեսական շահերին ուղղված հարված: Հարավային Կովկասում պատերազմը նշանակում է վերջ դնել Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպային էներգակիրների այլընտրանքային մատակարարմանը և հավելյալ գործոն՝ Արևմուտքին հարկադրելու համար հրաժարվելու հակառուսական պատժամիջոցներ կիրառելու կոշտ կուրսից:
3) Դեռ շարունակվում են խոսակցությունն այն մասին, թե կոնկրետ ով է կազմակերպել դիվերսիոն հարձակումը. ադրբեջանցիները՞, թե՞ հայերը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն իր հայտարարությամբ կտրականապես հերքել է իր երկրի մեղավորությունը տեղի ունեցածում:
Սակայն Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս Նովրուզ Մամեդովը վաղուց հայտնի է իր «վատ հիշողությամբ»: Նախագահի աշխատակազմում ծառայության ողջ տարիներին նա ոչ մի անգամ չի ասել ճշմարտությունը, ընդհակառակը մշտապես ստել է: Ստում է վստահաբար՝ չկարմրելով:
Մենք ոչինչ չենք կարող ասել այս օրերին Իլհամ Ալիևի գտնվելու վայրի մասին: Հայտնի է, որ պաշտպանության նախարարը հանգստանալիս է եղել Բոդրումում (Թուրքիա): Սակայն նախևառաջ եթե անգամ Իլհամ Ալիևը գտնվել է արտասահմանում, ապա նա իր բանակի աղետի մասին իրազեկվելուց անմիջապես անց պետք է անհապաղ վերադառնար Ադրբեջան:
Նա ոչ միայն չվերադարձավ, այլև անգամ հարկ չհամարեց ցավակցել զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին: Բաքվում մեր աղբյուրները հայտնում են, որ Իլհամ Ալիևն այդ ողջ ընթացքում գտնվել է Բաքվում և եղել է նյարդային, շոկային վիճակում: Նա պարզապես չի կարող երևալ ժողովրդի աչքի առջև:
Եվ երկրորդ՝ իշխող վարչակարգի տարբեր ներկայացուցիչներ այս օրերին հաճախ հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով: Օրինակ, Մամեդովը, վստահեցնելով, որ, իբրև թե, «իրականությանը չի համապատասխանում հայերի այն հայտարարությունը, որ դիվերսիան կազմակերպել է հենց Ադրբեջանը», դրանով իսկ ի ցույց է դրել, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Այստեղ տեղին է մեջբերել հանրահայտ լրագրող Միրզա Խազարին, ով հիշեցրել է, որ զոհված զինծառայողներին պարգևատրման ներկայացնելու համար պաշտպանության նախարարի կողմից նախագահին հղված հայտարարության տեքստում գրված է եղել, որ նրանք «զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս»:
Իսկ դա ապացուցում է, որ դիվերսիան կազմակերպել է ադրբեջանական կողմը: Լրագրողը զարմանք է հայտնում, թե ինչու են նրանք աշխարհի աչքում դառնում ծաղրո առարկա: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ թշնամուն հետ մղելը նույնպես մարտական առաջադրանք է:
Սակայն եթե «մարտական առաջադրանքը» կայանում է թշնամու հարձակումը հետ մղելու մեջ, ապա ինչո՞ւ են զոհված զինծառայողների դիակները գտնվում հայկական կողմի վերահսկած տարածքներում:
4) Այս ամենի ֆոնին հատկապես ուշագրավ է Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անսպասելի հանդիպման մասին հաղորդումը: Թեև ադրեջանական կողմը դեռ չի հաստատել և չի հերքել այդ տեղեկատվությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է այն:
Այդ հաղորդումը կարող է ծառայել որպես անուղղակի ապացույց նրա, որ դիվերսիան կազմակերպել է հենց ադրբեջանական կողմը, որովհետև այդպիսի հանդիպումը «վերևներում» չէր կարող կազմակերպվել հանկարծակի: Վաղուց խոսակցություններ են գնում մե՛րթ Նյու Յորքում, մե՛րթ Փարիզում այդպիսի հանդիպում անցկացնելու մասին:
Ստացվում է, որ Սոչիում հանդիպելու մասին գաղափարը վաղուց համաձայնեցված էր կողմերի հետ, և դրա համար էլ չի բացառվում, որ Իլհամ Ալիևը ցանկացել է բանակցություններում հանդես գալ հաղթահերոսի դիրքերից՝ ցույց տալով, որ եթե հայկական կողմը չընդունի իրենց պայմանները, ապա իրենք հեշտությամբ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն չստացվեց:
Այն, որ Իլհամ Ալիևը ցայժմ համառորեն լռում է, նույնպես կարող է հանդիսանալ նրա ապացույցը, որը նա ստիպված է Սոչիում բանակցություններ վարել արդեն պարտվողի դիրքերից: Նա այլևս չի կարող թելադրել իր պայմանները, քանի որ միջադեպը վկայեց, որ ադրբեջանական բանակը՝ որպես այդպիսին, գոյություն չունի, առավել ճշգրիտ ասած՝ այն ունակ չէ ռազմական ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը:
Ընդհակառակը, նման բանակով պատերազմ սկսելու դեպքում Իլհամ Ալիևին սպառնում է կորցնել ավելի մեծ տարածքներ՝ ընդհուպ մինչև Կուր գետը և ավելի հեռու: Իսկ դա, ի թիվս այլ բաների, նրան սպառնում է իշխանության կորստյամբ: Այդպիսով, սեփական իշխանությունը պահպանելու և դրա հետ մեկտեղ իր կլանը փրկելու համար նա հարկադրված կլինի համաձայնվել Վլադիմիր Պուտինի յուրաքանչյուր պայմանի հետ:
Ի տարբերություն Հայաստանի՝ այդ բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեն Ադրբեջանի՝ որպես ինքնուրույն պետության ճակատագիրը և նրա հետագա գոյակցության կոնկրետ ձևերը: Այդ բանակցություններում Հայաստանն ունի միայն մեկ խնդիր. ինչպե՞ս պահել Լեռնային Ղարաբաղը, առավել ճշգրիտ ասած՝ Լեռնային Ղարաբաղն արդեն 20 տարի է, ինչ անկախ պետություն է: Այժմ մնում է միայն հասնել Ադրբեջանի կողմից նրա դե-յուրե ճանաչմանը»: