«Պատերազմը կհաղթի այն կողմը, որն ունի կենսունակություն և տնտեսական ներուժ». Սարգիս Ասատրյան

«Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բոլորիս է հայտնի, որ մի քանի օր առաջ տեղի ունեցան խոշոր դիվերսիաներ սահմանի տարբեր ուղղություններով: Փաստացիորեն, հայկական զինված ուժերը կարողացան շատ վստահ դիմակայել թշնամուն՝ նրան մեծ կորուստներ պատճառելով: Իհարկե, մեր կողմից էլ կորուստներ եղան. էլ ի՞նչ պատերազմ՝ առանց կորուստների: Սակայն այս ամենը ցույց տվեց մի բան. Ադրբեջանը հայտարարում է, որ ունի ուժեղ բանակ, որ նրանք մեծ ֆինանսավորում ունեն, նորանոր տեխնիկա են գնում, և այլն, սակայն այս ամենը գործով ապացուցելու համար պետք է նաև կարողանալ կատարել մարտական առաջադրանքներ, ինչն Ադրբեջանն այսօր չի կարողանում կատարել:

Փոխարենը՝ հայկական զինված ուժերն են շատ պրոֆեսիոնալ գործում, ինչը, իհարկե, շատ ուրախալի է: Սահմանին կանգնած մեր երիտասարդների մոտ զգացվում է մարտական ոգին, նրանք չեն վախենում, նրանք պատրաստ են դիմակայել թշնամուն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Խոսելով այն մասին, թե ինչպես են այդ իրադարձությունները մեկնաբանվում տարբեր ԶԼՄ-ների կողմից, Ս. Ասատրյանն ասաց, որ ի պատիվ մեր լրագրողների՝ այս անգամ բավականին հաջող կարողացանք դիմակայել տեղեկատվական հոսքին. «Սա ոչ պակաս կարևոր հարց է, քան բուն մարտական գործողությունները. եթե կա զինված պայքար, ուրեմն կա նաև տեղեկատվական պատերազմ: Մեր լրատվամիջոցներն այս անգամ շատ հաջող հանդես եկան: Իհարկե, էլի որոշ բացառություններ եղան. շատերը փորձում են ինչ-որ նորություններ տարածելով՝ ռեյտինգ բարձրացնել, և այլն, ինչը շատ ցավալի է: Նրանք չեն պատկերացնում, որ անպատասխանատու լուրեր հաղորդելով՝ մարդկանց խուճապի են մատնում, չեն պատկերացնում, թե Երևանից դուրս՝ սահմանին, ինչ է կատարվում, չեն պատկերացնում, որ ծառայող տղաներն ունեն հայր, մայր, ընտանիք, որոնց սիրտը ցավում է նրանց համար»:

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքներին՝ Ս. Ասատրյանն ասաց, որ դրանք, ինչպես միշտ, այս անգամ էլ իներտ էին. «Ինչպես գիտեք, միջազգային կառույցների արձագանքը կախված է նաև կոնկրետ երկրի՝ միջազգային կառույցներում կատարելիք աշխատանքից, և այս առումով լրատվամիջոցները պետք է զերծ մնան այդ կառույցների արձագանքներն անընդհատ լուսաբանելուց, հայտնելուց: Այս անգամ տարբեր երկրների արտգործնախարարություններ կոչ էին անում՝ դադարեցնել արյունահեղությունը, զերծ մնալ պատերազմից, և այսքանով սահմանափակվեց ամեն ինչ, այսինքն՝ բոլորը զերծ մնացին կոնկրետ դիրքորոշում հայտնելուց:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, ապա, չնայած նրան, որ վերջին օրերին աննախադեպ կերպով լարված էր իրավիճակը սահմանին, այնուամենայնիվ, ես պետք է նորից ասեմ, որ դրա վտանգն այս պահին չկա: Չկա, քանի որ պատերազմի համար պետք են որոշակի նախապայմաններ, պետք է դրան պատրաստ լինել ամեն կերպ: Թող ոչ ոքի չթվա, որ եթե Ալիևը հայտարարում է, որ իրենք Ղարաբաղը հետ կվերցնեն և հայերին էլ կոչնչացնեն, ապա նա պատերազմ է ուզում: Ո՛չ: Պատերազմն իրենից ենթադրում է ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական հսկայական վնաս, ի վերջո, մարդկային ռեսուրսների մեծ կորուստ: Այդ ամենի տակից պետք է կարողանալ դուրս գալ, արդյո՞ք Ալիևը կկարողանա դրա տակից դուրս գալ, իհա՛րկե ոչ:  Պատերազմը կհաղթի այն կողմը, որն ունի կենսունակություն, որն ունի տնտեսական ներուժ»:

Սահմանային գծում լարվածության այսպիսի աճն Ս. Ասատրյանը կապեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ահեղ իրադարձությունների հետ. «Ինչպես գիտեք, մի շարք ծայրահեղ իսլամական հոսանքներ Ադրբեջանում մեծ թափ են հավաքում արդեն և սկսել են ռեալ վտանգ ներկայացնել երկրի կայունության և իշխանությունների կենսագործունեության համար: Չի բացառվում, որ այս ամենից ելնելով՝ մտածել են, թե կարելի է, ի վերջո, որոշակի դիվերսիոն գործողությունների սահմանում վիճակը լարելու միջոցով՝ փորձել մոբիլիզացնել այդ մասսան, փորձել այնպես անել, որ անգամ այդ ծայրահեղական մասսան իր հայացքներն ուղղի ոչ թե Իրաք և Սիրիա, ինչպես այժմ է տեղի ունենում, այլ՝ Հայաստան»:

Անդրադառնալով օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը՝ Ս. Ասատրյանն ասաց, որ այն այնքանով կարող է կարևոր լինել, որ գոնե կիջեցնի սահմանային լարվածությունը. «Ինձ թվում է, որ նախագահների առաջնային խնդիրը լինելու է այն, որ հնարավորինս չխախտվի հրադադարի ռեժիմը, սահմանային միջադեպերը չկրկնվեն»:

Սահմանային իրադարձություններում արդյո՞ք իր դերակատարությունը կարող է ունենալ Ռուսաստանը: Սարգիս Ասատրյանն այս կապակցությամբ ասաց, որ ինքն այս ամենը չի կապում Ռուսաստանի հետ. «Գիտեք, շատերն այսօր հակված են Ռուսաստանին մեղադրելու, բայց ես այդպես չեմ կարծում: Գիտենք, որ Ուկրաինայում արյունահեղությունը չի դադարում, և ամբողջ աշխարհի ուշադրությունն այժմ ուղղված է հենց այդ շրջանի վրա: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կփորձեր հիմա էլ այստեղ լարվածություն ստեղծել, քանի որ այժմ ինքն իր գլխացավանքն ունի: Չի բացառվում նաև, որ Ալիևը պարզապես այդքանը հասկանալով՝ փորձել է ստուգել հայկական զինված ուժերի զգոնությունը»:

Տեսանյութեր

Լրահոս