«Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով Հայաստանի դոլարի կուրսը կտրուկ կփոխվի»
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան գերտերությունների կողմից սահմանվող պատժամիջոցներն ու սանկցիաները շատ վատ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին և կոչ է արել բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին՝ հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են իրականացվող պատժամիջոցներին:
Ս. Սեդրակյանը նշեց, որ դեռ չի ուզում առաջ ընկնել ու կարող է ուղղակի ենթադրություններ անել, որովհետև չգիտենք, թե վաղն ինչ կլինի. «Օրինակ, Ռուսաստանի ներսում արդեն սկսվել է դժգոհությունների ալիքը: Օգոստոսի 17-18-ին մեծ ալիքներ են բարձրանալու Ռուսաստանի մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Վլադիվոստոկում: Վլադիվոստոկը Ճապոնիայի հետ մեծ առևտրի մեջ է: Այնտեղից անտառափայտը արտահանվում է Ճապոնիա, որտեղ կահույք է սարքվում, որը վաճառվում է Ռուսաստանին: Մարդիկ՝ բիզնեսմենները, մեծ փողեր են աշխատում:
Հիմա, Ամերիկայի այդ սանկցիաներին միացել է Ճապոնիան, ու Վլադիվոստոկում հիմա սառած վիճակ է, ու ժողովուրդը ջղայնացած է Մոսկվայի վրա: Այդ պատճառով ոտքի են կանգնում՝ բողոքի, որպեսզի դուրս գան, առանձին պետություն ստեղծեն»:
Նա նկատեց, որ Միացյալ Նահանգներն էլ հայերին է զգուշացրել, որ հանկարծ ռուսները փողերը չբերեն, հայերի միջոցով դրսում օգտագործեն. «Հայերին թույլ են տալիս, բայց հանկարծ հայերի միջոցով ռուսները դա չանեն»:
Հիշեցնենք նաև, որ նախատեսվում է, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որի նկատմամբ նույնպես ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել, մոտ 400 մլն դոլար կներդնի հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման համար։
Ս. Սեդրակյանը նկատեց, որ ներդրման անվան տակ, հնարավոր է՝ ռուսները փողեր լվանան, ու դրա համար էլ զգուշացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Ըստ Ս. Սեդրակյանի՝ այդ պատժամիջոցների պատճառով Հայաստանում դոլարի կուրսը կտրուկ կփոխվի. «Բոլոր դեպքերում շատ վատ է, Հայաստանի համար ամենալավը կլիներ, որ այնպիսի տարբերակ ընտրեր, որ և՛ Եվրամիության հետ, և՛ Եվրասիական միության հետ լիներ, իսկ մենակ Եվրասիական միություն գնալը, ես կարծում եմ՝ շատ սխալ է: Կա՛մ երկուսի հետ պետք է լիներ, կա՛մ ոչ մեկի: Դա վատ է ոչ միայն տնտեսական առումով, այլև ժողովրդավարության, Ղարաբաղի առումով էլ, բոլոր առումներով էլ: Տնտեսական առումով Հայաստանն ո՞ւր է գնում, ինքն էլ չգիտի: Մենք մոռանում ենք, որ ռուսի հետ որքան էլ կապվենք, նրա հետ անմիջական սահման չունենք»: