Տիգրան Ուրիխանյան. «Պատերազմից ոչ ոք չի շահելու»

Ալիևյան ռեժիմը ժառանգաբար վերարտադրվելու, իշխանությունը պահպանելու և սեփական ժողովրդին այդ իսկ ռեժիմի գոյությունը հիմնավորելու համար ունի ընդամենը մեկ տարբերակ՝ ՀՀ-ի նկատմամբ ռամիլսաֆարովյան գազանություններ, պատերազմի սպառնալիքներ: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության մեծացման մասին:

Տ. Ուրիխանյանն ուզում է, որ ադրբեջանցի ժողովուրդն իմանա, որ կրում ու կրելու են կորուստներ, որ վարկաբեկվում և վարկաբեկվելու է աշխարհով մեկ, և սրա հետևանքները դեռ տասնյակ տարիներ շարունակելու են ազդեցություն ունենալ նրանց վրա:

Ըստ Տ. Ուրիխանյանի՝ անհրաժեշտ է հզորացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգը, որպեսզի թշնամին իմանա, որ ոտնձգության դեպքում մի քանի անգամ ավելի լուրջ հետևանքների առաջ կկանգնի. «Հայաստանի Հանրապետության արտաքին դիվանագիտությունը պետք է կարմիր թելի, առանցքի պես ասի այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը հիմա գործում է՝ հակասելով միջազգային բոլոր նորմերին, սեփական օրենսդրությամբ ամրագրված իր վրա վերցված պարտավորություններին, ու առհասարակ մարդկային, հումանիստական կարգերի դեմ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-9-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ բանակցություններ կվարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ՌԴ նախագահն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ստեղծված լարված իրավիճակում, ԲՀԿ-ի խոսնակն այսպես պատասխանեց. «Որպես Մինսկի խմբի մանդատ ունեցող երկրի նախագահ՝ նա կունենա համապատասխան ազդեցություն, թե ինչպիսի՞ն և ի՞նչ ծավալների, թույլ տվեք՝ սպասենք, տեսնենք»:
Ըստ Տ. Ուրիխանյանի՝ եթե նույնիսկ կան պատերազմի ռիսկեր, բոլորը՝ ադրբեջանցիները, տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային պետությունները, պետք է հիշեն, որ դրանից չի շահելու ոչ ոք:

 

Տեսանյութեր

Լրահոս