Խոշորացումը շարունակվում է
Հայաստանի մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում խոշորացման պրոցեսը շարունակվում է։ Առևտուրը գնալով կենտրոնանում է խանութներում ու սուպերմարկետներում՝ ի հաշիվ մանր կրպակների ու շուկաների։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Այս տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրաշրջանառության ծավալը ՀՀ-ում աճել է 3.5%-ով (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ) և կազմել 606.7 միլիարդ դրամ։
Այդ թվում, խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառությունն աճել է 4.7%-ով և կազմել 429.4 միլիարդ դրամ։
Իսկ կրպակների շրջանառությունը նվազել է 13%-ով և կազմել 15 միլիարդ դրամ։
Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացված մանրածախ առևտուրը կրճատվել է 15.2%-ով (33.3 միլիարդ դրամ), իսկ գյուղատնտեսական ապրանքների շուկաներինը՝ 5.3%-ով (8 միլիարդ դրամ)։
Խանութներին բաժին է ընկնում մանրածախ առևտրաշրջանառության 70.8%-ը։