Ո՞վ է ապահովում շինարարության աճը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում շինարարության ոլորտն աճել է 0.4%-ով։ Ցուցանիշն ինքնին մեծ չէ, սակայն հաշվի առնելով, որ շինարարության ոլորտը 2009 թվականի ճգնաժամից հետո մշտապես անկում էր գրանցում, սա գոհացուցիչ դինամիկա է։
Շինարարության ընդհանուր ծավալն առաջին կիսամյակում կազմել է 125.8 միլիարդ դրամ։ Այդ գումարի կեսը՝ 62.9 միլիարդը, բաժին է ընկնում կազմակերպություններին, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացրել են 3.4%-ով։
Գրեթե նույն չափով ավելացել է պետբյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը և կազմել 16.4 միլիարդ դրամ։
Զգալիորեն ավելացել են համայնքների և միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալները: Մասնավորապես, Վերակառուցման և զարգացման
Եվրոպական բանկի վարկերի հաշվին իրականացված շինարարությունն աճել է 6.4 անգամ (2.3 միլիարդ դրամ), իսկ Ասիական զարգացման բանկինը՝ 4.4 անգամ (4.6 միլիարդ դրամ)
Չնայած դրան, միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ընդհանուր ծավալը ընդհանուրի մեջ փոքր կշիռ ունի (5.5% կամ 7 միլիարդ դրամ)։
Շինարարության ոլորտի ամենամտահոգիչ ցուցանիշը բնակչության հաշվին իրականացվող շինարարության ծավալներն են։ Բնակչությունը անցած 6 ամիսների ընթացքում իրականացրել է 26.8 միլիարդ դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 24.8%-ով։