
Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստը դադարեցվել է ծեծկռտուքի պատճառով

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում վերստին ծեծկռտուք է գրանցվել իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Այս անգամ ծեծկռտուքին մասնակցել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավորները:
Քվեարկության ժամանակ ԱՇԿ-ական պատգամավոր Ալի Ուզունըրմաքը ԱԶԿ-ական պատգամավորներին մեղադրել է իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու մեջ: Ի պատասխան՝ ԱԶԿ-ական պատգամավոր Մուսթաֆա Շահինը սկսել է նրա հետ պարզել հարաբերությունները:
Ապա բռնկվել է ծեծկռտուք, որը տևել է 5 րոպե: Ծեծկռտուքի ժամանակ վայր է ընկել ԱՇԿ-ական պատգամավորը, իսկ Շահինը հարված է ստացել հոնքին: Տուժել է նաև Իգդիրից ընտրված ԱՇԿ-ական պատգամավոր, հայտնի հայատյաց Սինան Օղանը:
Խորհրդարանի նիստին ներկա պատգամավորներին հաջողվել է միմյանցից բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին և հարթել վեճը: Սակայն դրանից հետո խորհրդարանի նիստն ավարտվել է: