Խորհրդրանական խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են հուլիս 31-օգոստոսի 3-ը հայ ադրբեջանական սահմանային գծում լարվածության աճի և բանակի կողմից իրականացվող միջոցառումների հետ կապված հարցեր: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը պատասխանեց հանդիպմանը վերաբերվող մեր մի քանի հարցերին
– Պարոն Մարգարյան, ո՞ւմ կողմից է եղել հանդիպման նախաձեռնությունը:
– Նախաձեռնությունը Պաշտպանության նախարարին էր, այդ հանդիպման մասին մեզ տեղեկացրել էին դեռ երեկ:
– Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել հանդիպումը, և ինչո՞ւ էր նախարարը ցանկացել հանդիպել խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
– Նախարարը ցանկանում էր, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը տեղեկացված լինեն սահմանագծում տիրող իրավիճակին և բանակի կողմից իրականացվող գործողություններին:
– Կա՞ր ինչ որ բան, որը նախարարը ձեզ պատմեց հանդիպման ժամանակ, որի մասին ՊՆ հաղորդագրություններում չի եղել:
– Շատ հանգամանալից զրույց է եղել, որի ժամանակ ասվել են բաներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Մեր կողմից նշվել է, որ երկրի պաշտպանության, անվտանգության հարցերում քաղաքական ուժերը պետք է ունենան քաղաքական միասնական դիրքորոշում, պետք է թիկունք լինեն բանակի համար:
– Սա ԲՀԿ-ի դիրքորոշո՞ւմն է, թե՞ բոլոր քաղաքական ուժերի:
– ԲՀԿ-ի դիրքորոշումն այն է, որ բանակը շատ լավ իրականացնում է իր վրա դրված խնդիրները, և այդ խնդիրների իրականացման հարցում ԲՀԿ-ն պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցել բանակին: Այս մոտեցումը կիսում էին նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ պաշտպանության և անվտանգության հարցերում բոլորս պետք է հանդես գանք միասնաբար:
– Գուցե Պաշտպանության նախարարն այցելելով խորհրդարան և հանդիպելով խմբակցությունների ներկայացուցիչների հետ ինչ-որ ակնկալի՞ք ուներ ձեզանից:
– Նրա ակնկալիքն այն էր, որ քաղաքական ուժերը հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք կարող են խուճապ կամ պարտվողական տրամադրություններ ստեղծել բանակում և հասարակության մեջ: Նման ամեն մի անզգույշ խոսք կամ հայտարարություն կարող է վնասել բանակին և խանգարել նրան արդյունավետ իրականացնելու իր առջև դրված խնդիրները:
– Իսկ ինչպե՞ս է արտահայտվելու խորհրդարանական ուժերի միասնականությունը:
– Առաջիկայում մենք բոլոր 6 խմբակցություններով հանդես կգանք համատեղ հայտարարությամբ, որտեղ կհստակեցնենք մեր դիրքորոշումը: Բացի այդ՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են համատեղ այց կազմակերպել սահմանամերձ բնակավայրեր և զորամասեր:
– Խմբակցությունները բանակի գործողություններին հավանություն տվող հայտարարություն կընդունե՞ն:
– Ես հայտարարության բովանդակության վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, այն հիմա հստակցեման և համաձայնեցման փուլում է, երբ պատրաստ կլինի, այն ժամանակ այդ հարցերում հստակեցում կմտնի:
– Իսկ հայտնի է, թե ե՞րբ կայցելեք զորամասեր և սահմանամերձ բնակավայրեր:
– Այցելության օրը ևս հստակեցված չէ, հնարավոր է, որ վաղը կամ մյուս օրը մենք կրկին հավաքվենք և այս հարցում ևս հստակեցում մտցնենք: