«Պետք է պետություն-մամուլ-հասարակություն կապը հստակ լինի, որ լրատվությունը լինի ճիշտ և օպերատիվ». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ սահմանային բախումների տեղեկատվական ապահովման խնդիրներին և ասաց, որ այս անգամ մեր լրագրողները շատ արագ կողմնորոշվեցին:
«Իհարկե, որոշակի բացառություններ կային` հատկապես որոշ կայքեր, որոնց նույնիսկ խմբագրակազմը հայտնի չէ, կարծես Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի կցորդը լինեին, այսինքն` այնտեղից ինչ հայտարարում էին, այստեղ վերնագրերով տեղադրում էին: Այս անգամ ակնհայտ էր, որ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունն ամբողջությամբ սուտ էր պարունակում: Եթե իրենք սովորաբար սուտն ու ճիշտը խառնելով են լուրերը տարածում, այս անգամ այնքան խառնված էին, որ սկսեցին դեզինֆորմացիա տարածել»,- ասաց նա:
Խոսելով հակերային հարձակումների մասին` ասաց, որ հայկական կողմից մի լրատվական կայք կոտրվեց (haqin.az). «Բայց ընդհանուր առմամբ հայկական կողմից գործողություններ չեն եղել այս ուղղությամբ, ինչը ճիշտ էր: Ադրբեջանցիները մի քանի լրատվականների վրա հարձակվեցին, բայց ոչ թե կայքերը կոտրելու, այլ լռեցնելու նպատակով:
Հետաքրքիրն այն է, որ երկար հիստերիկ վիճակներից հետո` երեկվա ընթացքում, փորձեցին կառավարելի դարձնել իրենց տեղեկատվական դաշտն ու ամեն կերպ սկսեցին համոզել իրենց ներքին հասարակությանը, որ հայկական կողմը շատ ծանր կորուստներ է կրում:
Այսինքն` եթե առաջին երկու օրն իրենք խոսում էին, որ սկսվել է պատերազմ, որ պետք է համախմբվել, գնալ հայերին կոտորել, և այլն, բայց ունենում էին կորուստներ, և հասարակությունը ծանր էր տանում, հիմա փորձում են սառեցնել այդ իրավիճակը: Հիմա խոսում են հայկական կողմերի շատ կորուստների մասին` մոտավորապես 70-100 հոգի: Սա արվում է նրա համար, որ այս դեպքում կարող են ասել, թե հաղթեցին այս փոքրիկ պատերազմում, և հանգստացնել ներքին լսարանին:
Եթե մեզ մոտ թաքցնել չի լինում զոհերի մասին տեղեկատվությունը, ապա իրենց մոտ դա ընդունված պրակտիկա է»:
Ադրբեջանական մամուլում իշխանություններին ուղղված քննադատական հրապարակումների մասին խոսելով` նա ասաց.
«Առաջին երկու օրվա ընթացքում պաշտպանության նախարարից էին դժգոհում, սակայն իշխանությունները կարծես կասեցրին դա, սակայն սոցիալական ցանցերում դժգոհում էին նաև Ալիևի բացակայությունից, որը հայտնվեց միայն Օբամային շնորհավորելու ժամանակ: Ընդհանուր առմամբ, դժգոհությունը մեծ է այն առումով, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչու են այսքան մեծ թվով զոհեր տալիս, ու ոչ մի ռեակցիա չկա դրա վերաբերյալ»:
Լրագրողների այն հարցին, թե հայկական կայքերն ինչպե՞ս պետք է վարվեն, որպեսզի ճիշտ լուսաբանեն այս ամենը, բանախոսը պատասխանեց.
«Հայկական կայքերում տագնապի մի այղբյուրը հենց ադրբեջանցիներն էին, որոնք սկսեցին շատ արագ հայերեն ֆեյքեր բացել և հայերի անունից ֆեյսբուքով ապատեղեկատվություն տարածել, օրինակ` «Եղբայրս հենց նոր զանգեց Ասկերանից և ասաց, որ 9 զոհ ունենք այնտեղ»:
Նմանատիպ խոսակցությունների տարածումը միայն մամուլը կարող է կասեցնել, որովհետև հասարակության մոտ վստահություն հենց մամուլն է առաջացնում:
Մյուս կողմից, պետք է պետություն-մամուլ-հասարակություն կապը հստակ լինի, որ լրատվությունը լինի ճիշտ և օպերատիվ:
Հաջորդ խնդիրն այն է, որ ադրբեջանական մամուլի լրատվությունը պետք է ընկալել ոչ թե որպես փաստ, այլ որպես մի բան, որը պետք է միշտ ստուգվի:
Ցուցադրվող լուսանկարների հարցում էլ պետք է շատ զգույշ լինել: Լրատվամիջոցները նկարներ տեղադրելիս՝ ասում են, որ իլյուստրատիվ են դրել, բայց ընթերցողը դա չգիտի: Օրինակ` նայում է «Ադրբեջանական տանկերը գալիս են Աղդամ», ու տեղադրված է լուսանկար, որտեղ տասնյակ տանկեր են պատկերված, այսպիսի բաները, բնականաբար, խուճապ են առաջացնում: Մեզ մոտ սա իրոք լուրջ խնդիր է»:
Իսկ հայալեզու ադրբեջանական կայքերի մասին խոսելով` ասաց. «Ադրբեջանցիներն ունեն երկու կայք, որտեղ հայերեն են գրում (Armenia.az, erevan.az.com): Երկուսի մեջ էլ az-ը կա, բայց մարդիկ ֆեյսբուքում են, մի փոքր էլ էմոցիոնալ են այդ պահին և կարող են դա չնկատել ու մտածել, որ հայկական կայքեր են:
Բայց կա նաև Armenianreport.com կայքը, որը կեղծ է, ես դա վաղուց եմ ասում, իսկ իրենք գրում են, որ ընդդիմադիր են, իսկ Սամվել Մարտիրոսյանը ճնշում է իրենց: Սակայն, սկսած տեխնիկական մանրուքներից, ապացուցված է, որ իրենք ադրբեջանական են»: