Թուղթը տեղ չի հասել
«ՀՀ կառավարությունը ԱՄՆ դեսպանատնից նման բովանադակությամբ պաշտոնական գրություն չի ստացել»,- այս մասին հայտարարեց Կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցմանը, թե ՀՀ կառավարությունը ստացե՞լ է արդյոք պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից զերծ մնալու վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան գրությունը, եթե այո` ի՞նչ դիրքորոշում ունի և ի՞նչ քայլեր է ձեռնարկելու:
Տ.Աբրահամյանը նաև նշեց, որ հուլիսի 30-ին ՀՀ վարչապետի ու ԱՄՆ դեսպանի միջև կայացած հանդիպման ընթացքում պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին հարց չի արծածվել:
Հիշեցնենք, որ Ջոն Հեֆերնի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն էր հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել երկկողմ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը, բարձր էր գնահատել նաև ամերիկյան կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերված փորձագիտական աջակցությունը, ինչը մեծապես օգնել է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արմատական բարեփոխումների իրականացմանը: Իր հերթին դեսպան Հեֆերնը ևս ընդգծել էր երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ նոր ծրագրերի իրականացման կարևորությունը: Զրուցակիցները քննարկել էին նաև հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր:
Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո նույն օրը երեկոյան է ԱՄՆ դեսպանատունը տարածել իր հայտարարությունը, որում կոչ է արվում բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին: