Բաժիններ՝

Սպառողների վստահության ցուցանիշն աճել է. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող՝ սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) աճել է` կազմելով 41.6:

Ինչպես նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ, ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ ցուցաբերել է աճի միտում` գրանցելով 33.3 արժեք: Ընդ որում, աճը հիմնականում պայմանավորվել է տնային տնտեսությունների
ֆինանսական վիճակի փոփոխությունը բնութագրող ցուցանիշի 5.7 տոկոսային կետով բարելավմամբ: Աճի դինամիկա է ցուցաբերել նաև ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը` գրանցելով 52.7 արժեք: Դրան զուգահեռ, 0.8 տոկոսային կետով նվազել է ընդհանուր տնտեսության պայմանները գնահատող ցուցանիշը:
Ապագա պայմանների ցուցանիշը նախորդ երեք եռամսյակների նմանությամբ կայուն միտում է ցուցաբերել` շուրջ 50 արժեքով: Աճել են հաջորդ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի և զբաղվածության սպասումների ցուցանիշները` համապատասխանաբար 0.8 և 0.6 տոկոսային կետերով:
Զուգահեռաբար նվազել է ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշը 1.8 տոկոսային կետով` կազմելով 42.5:

SVC

 

 

 

 

 

 

 

 

 

 

* Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:
Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված
դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:
Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս