ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է զոհված զինվորների անունները
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ է շպրտվել:
ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: