Հրանուշ Խառատյան. Գագիկ Ծառուկյանի և նրա կողմնակիցների ասած թեժ աշունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում հասունացող ծրագիր է. tert.am

tert.am-ի փոխանցմամբ՝ Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը չի կարծում, որ քաղաքական դաշտում կա այն միասնական լիդերը, որը բնակչության 50 և ավելի տոկոսի վստահությունն ունենա։ Չնայած դրան, նա զգուշացնում է, որ լարված քաղաքական վիճակ է, և քաղաքական դաշտին դժվար թե հաջողվի փոփոխություններից խուսափել։ Խառատյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի և նրա կողմնակիցների ասած թեժ աշունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում հասունացող ծրագիր է, ովքեր, տարակույս չկա, ցանկանում են հստակ և կարդինալ փոփոխություն։

«Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը ծրագիրը քառյակի միջոցով են իրացնում, դա ընդամենը մասնակցություն է՝ քառյակի գործունեությանը տեղյակ լինելու և դրան համահունչ իրենց ծրագրերը նախապատրաստելու համար, մի ծրագիր, որը մեծ հաշվով հանրությանը հայտնի չէ»,-նշեց նա։ Խառատյանը նաև նշեց, որ սրանք մակերեսի վրա գտնվող գործընթացներ են, հանրային դժգոհությունը և այդ դժգոհությունից դուրս գալու ծրագրի փնտրտուքը կա նաև ուրիշ տեղերում և վստահություն հայտնեց, որ կլինեն այլ տարբերակներ, որոնք կխառնեն բոլոր խաղաքարտերը։

– Տիկին Խառատյան մեր քաղաքական դաշտում լիդերի խնդիր կա՞, կա՞ մեկը, ում հետևից ժողովուրդը պատրաստ է գնալ։

– Կարծում եմ՝ բավականաչափ լիդերներ ունենք, այլ խնդիր է ուղղակի, որ նրանք տարբեր խմբերի վստահությունն են վայելում, կան նաև քաղաքացիական շարժման զգալի լիդերներ և կազմակերպիչներ, ուղղակի այնքան տրոհված են քաղաքական ակնկալիքները և ապագայի վերաբերյալ մոտեցումները, որ կարծես թե մեկ միասնական լիդերի մասին դժվար է խոսել իսկապես։ Այնպիսի մեկը, որը մեր բնակչության 50 և ավելի տոկոսի վստահությունն ունենա։

– Իսկ ըստ Ձեզ՝ կարևո՞ր է գաղափարի հետևից գնալը, թե առաջնահերթ լիդերի հարցն է անհրաժեշտ լուծել։ Օրինակ՝ քառյակի միավորումից կամ որոշ քաղաքական ուժերի վերադասավորումից կարելի՞ է հույս ունենալ, որ որոշակի փոփոխություններ այդուհանդերձ սպասվում են, գուցեև առանց լիդեր։

– Չեմ կարծում, որ քառյակը մի այնպիսի գաղափար է դրել, որը առաջ քաշված հայտնի և վերլուծված հարցերի հիմնարար լուծումներ է առաջարկում, կամ կարելի է նրանից ակնկալել։ Կարծես ավելի պլաստիկ առաջարկների ճանապարհով է գնում քառյակը, և նրանց նկատմամբ վստահությունը, կարելի է ասել, շատ ցածր է՝ ելնելով նրանց ոչ հստակ ձևակերպած ակնկալիքներից, որոնք այնքան քիչ խնդիրներ են լուծում, եթե լուծում են առհասարակ։ Նույնիսկ քառյակի առանձին կուսակցական խմբերի հետևորդները միշտ չէ, որ ակնկալիք ունեն դրանով ինչ-որ լուծումների տանել, առավել ևս այդ կուսակցություններից դուրս գտնվող մարդկանց զգալի մասը։ Այնպես որ, չեմ կարծում, որ մինչև աշուն քառյակը կկարողանա այնպիսի կոորդինացված քաղաքական ծրագիր կամ քայլեր առաջարկել, որ կարողանա դառնալ քաղաքական դաշտի լիդեր։

– Տիկին Խառատյան, ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, երբ քառյակից անընդհատ զգուշացնում են, թե տեսեք՝ աշնանն ինչ ենք անելու, բայց հետո տեսնում ենք, որ նույն ԲՀԿ առաջնորդը ներկայանում է Նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարզական միջոցառմանը, նստում նրա կողքը և կատակներ անում։

– Այն, որ Գագիկ Ծառուկյանը և նրա հետ Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ, կուզենային հստակ և կարդինալ փոփոխություն՝ տարակույս չկա։ Բայց միևնույն ժամանակ այն, որ Գագիկ Ծառուկյանն ինքն անձնապես այստեղ հարց չի որոշում և սպասում է ուժերի վերադասավորումների, կարծում եմ՝ դա էլ վաղուց վերլուծված, հասկացված և ընկալված է, և մեծ հաշվով այդ ընկալումը նաև հանրության մեջ կա։ Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ կնստի և հարսանիքների հրավերներին կմասնակցի, և ախպերության ու թագավորության կենացները կխմեն. այստեղ որևէ անակնկալ չկա։

Խնդիրը նրանում է, որ Գագիկ Ծառուկյանի և նրա կողմնակիցների ասած թեժ աշունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում հասունացող ծրագիր է, որն էլ իր հերթին սպասում է թե՛ քառյակին, թե՛ մյուս ընդդիմադիրներին, թե՛ քաղաքացիական դաշտի ակտիվացումներին՝ դրանց հետ կապելով իրենց ծրագրի իրականացման ընթացքը, մի ծրագիր, որը մեծ հաշվով հանրությանը հայտնի չէ։ Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը քառյակի միջոցով են իրացնում, դա ընդամենը մասնակցություն է՝ քառյակի գործունեությանը տեղյակ լինելու և դրան համահունչ իրենց ծրագրերը նախապատրաստելու համար։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս