Քննարկվել են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր, շահագրգիռ գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:

Բերքահավաքի արդյունքների վերաբերյալ գյուղնախարար Անդրանիկ խաչատրյանի ամփոփ տեղեկատվության համաձայն` հանրապետությունում հնձվել է մոտ 49 հազար հա հացահատիկային մշակաբույսերի հողատարածք, միջին բերքատվությունը կազմել է մոտ 11 ցենտներ` նախորդ տարվա շուրջ 17 ցենտների դիմաց: Ցածր բերքատվությունը, նախարարի գնահատմամբ, պայմանավորված է հիմնականում եղանակային խիստ անբարենպաստ պայմաններով: Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին ցուցաբերվելու է համապատասխան աջակցություն. հստակեցվում են օժանդակության ծավալներն ու տեսակը:

Ամփոփելով գալիք աշնանացանի աշխատանքներին օժանդակելու շրջվարչակազմերի ղեկավարների առաջարկությունները` վարչապետը նշել է, որ պետությունն ընդառաջելու է պարտավորություններ ունեցող հողամշակներին` մինչև 5-7 տարով երկարաձգելով վարկերի մարումը, իսկ վնաս կրած հողօգտագործողները մեկ տարով կազատվեն հողի հարկից և վարձավճարներից:

Քանի որ հստակ ցանքաշրջանառություն չի իրականացվում, կառավարության ղեկավարի առաջարկությամբ, շատ հողատարածքներ կթողնվեն սև ցելի տակ, կավելացվեն կերային խոտաբույսերի ցանքատարածությունները: Հողօգտագործողներին կտրամադրվի էժան դիզվառելիք` համապատասխան աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով: Քննարկվել են նաև սերմնացուի ձեռքբերման և հողամշակներին տրամադրելու պայմանները:

Աշնանացանի նախապատրաստական աշխատանքների և քննարկված այլ հարցերի վերաբերյալ գործադիր իշխանության առաջարկությունները կամփոփվեն նախագահի մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս