
Սեյրան Օհանյանը Հերբերթ Սալբերին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհավորելով պարոն Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը` Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա: Հերբերթ Սալբերին իր հերթին նշեց, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում կատարել խաղաղ կարգավորման հասնելու գործում:
ՀՀ պաշտպանության նախարարություն