Ադամ Միխնիկ. «Ո՛չ պատերազմ կլինի, ո՛չ կարգավորում»

Լեհական առաջատար թերթերից մեկի` «Գազետա Վիբորչա» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Սոլիդարնոստ» շարժման ակտիվիստ, Բանվորների պաշտպանության կոմիտեի` KOR-ի համահիմնադիր, պատմաբան Ադամ Միխնիկը, ով Հայաստանում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, կարծում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է փոխզիջման գնալ, սակայն դրա ցանկությունը չկա: «Ո՛չ Բաքվում, ո՛չ Մոսկվայում լրջորեն չեն ուզում փոխզիջում փնտրել, իսկ առանց փոխզիջման՝ ոչինչ չի փոխվի: Իսկ դա այնպիսի բան է, որ, ի վերջո, կողմերից ոչ մեկը` ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները, մինչև վերջ գոհ չեն լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա:

Ժողովրդավարական երկիր կառուցելու նպատակով երկարատև պայքար մղած գործիչը, ով այլախոհության համար կյանքի վեց տարիներն անցկացրել է լեհական բանտերում, կարծում է, որ չլուծված կոնֆլիկտը մեծ խոչընդոտ է Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար, սակայն, նրա խոսքով` շատ բան կախված է Ռուսաստանից. «Առաջին հերթին, իմ կարծիքով՝ չկա դիկտատուրա: Դա արդեն այլ է. խորհրդային ժամանակները չեն, և պետք չէ մոռանալ այն մասին, որ առաջընթացն ակնհայտ է: Մյուս կողմից՝ շատ բան կախված է նրանից, թե ինչ կլինի Ռուսաստանում:

Եթե Ռուսաստանը բռնի ժողովրդավարական փոփոխությունների ուղին, իսկ դա, ի վերջո, տեղի կունենա, դա ազդանշան կլինի Հայաստանի հասարակության համար, որ դրանից շատ բան կլինի կախված: Հայաստանը երկար ժամանակ պետականություն չի ունեցել, չի եղել անկախ: Այժմ գոյություն ունի անկախություն, և դա ակնհայտ հաջողություն է»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող էր խուսափել և՛ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց, և՛ Եվրասիական միությանը միանալուց, նա պատասխանել է, որ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է գտնվում, քանի որ խնդիրներ ունի հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, և կա ղարաբաղյան կոնֆլիկտը:

Լեհ հասարակական գործիչը երկրորդ անգամ էր այցելում Հայաստան ու նկատեց, որ, համեմատության մեջ, երկրում որոշակի փոփոխություններ կան. «Ես առաջընթաց եմ տեսնում, բացարձակ առաջընթաց: Երբ առաջին անգամ այցելեցի 3-4 տարի առաջ, մարդիկ ավելի շատ խնդիրներ ունեին: Հիմա ես դա չեմ տեսնում»:

Եվրոպայի խոշորագույն թերթերից մեկը` «Գազետա Վիբորչան», որ մինչև 2010 թվականը լույս էր տեսնում 500.000-ից ավելի տպաքանակով, խմբագրի խոսքով` հաջողություն ուներ, քանի որ իրենք որդեգրել են տնտեսական և քաղաքական իմաստով անկախ լինելու սկզբունքը, սակայն վերջին տարիներին թերթի տպաքանակը կիսով չափ նվազել է, ինչը խմբագիրը կապում է ինտերնետի և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ:

Բազմաթիվ հոդվածների, էսսեների, գրքերի հեղինակ, նախկին այլախոհ Ադամ Միխնիկն ասաց, որ այժմ պատրաստվում է էսսե գրել դիսիդենտական շարժման մասին:

Տեսանյութեր

Լրահոս