Ո՞րն է Արտաշատի ծննդատանը արձանագրված նորածնի մահվան պատճառը. Մեկնաբանում են ՀՀ առողջապահության նախարարությունից

Shamshyan.com-ը երեկ գրել էր, որ հուլիսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: 28-ամյա Եփրաքսյա Գրիգորյանը երեկ առավոտյան պետք է երեխա ունենար, սակայն որոշ ժամանակ անց հիվանդանոցի բժշկուհին հայտնել է, որ դժբախտություն է տեղի ունեցել. պորտալարը փաթաթվել է երեխայի պարանոցին և երեխան խեղդվել է: Կայքը գրել էր, որ ըստ հարազատների, երեխայի մահը տեղի է ունեցել բժիշկների կողմից թույլ տրված անփութության պատճառով:

168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տեղեկություններ ունի նախարարությունը դեպքի հետ կապված:

Ի պատասխան Գայանե Ավագյանն ասաց. «Նախ, շատ ենք ցավում ցանկացած պտղի կորստի համար: Մենք արդեն կապվել ենք Արտաշատի ծննդաբերական բաժանմունքի վարիչի հետ և ստացել ենք որոշակի տեղեկատվություն: Եփրաքսյա Գրիգորյանը 28 տարեկան է, երրորդ ծննդաբերությունն է: Երկրորդ և երրորդ ծննդաբերությունների միջև 8 տարվա ընդմիջում է եղել: Կնոջ մոտ, ըստ կանանց կոնսուլտացիայի՝ դաշտանի, ըստ հետազոտման տվյալների, հղիությունը պետք է լիներ 38 շաբաթական, այսինքն՝ հասուն ծննդաբերություն, հասուն հղիություն, և քաշը պետք է անպայման լիներ 2600 գրամից ավել, հասակը՝ 46 սմ, բայց պտուղը ծնվել է 2200 գրամ քաշով, այսինքն՝ առկա է պտղի ներարգանդային աճի դանդաղման սինդրոմ: Ես ընդամենը մեկնաբանում եմ կլինիկական փաստերը:

Պտղի ներարգանդային աճի դանդաղման համախտանիշը հավաքական համախտանիշ է և տարբեր պատճառներից կարող է զարգանալ, այսինքն՝ պտղի մոտ եղել են խնդիրներ:

Կարդացեք նաև

Այլ հարց է՝ այդ խնդիրները ժամանակին հայտնաբերվե՞լ են, թե՞ չեն հայտնաբերվել: Մենք դրա մասին դեռևս ինֆորմացիա չունենք, որորվհետև պահանջել ենք բժշկական փաստաթղթերը, այսօր կստանանք:

Այսինքն՝ առկա է պտղի ներարգանդային աճի դանդաղում: Պատճառները, կրկնում եմ, բազմաթիվ են, բայց մենք այսօր, հիմա չենք կարող ասել՝ պատճառն ինչն է: Պետք է ուսումնասիրենք բժշկական փաստթղթերը և, իհարկե, պաթանատոմիական հերձման տվյալները: Արդեն կլինի ամբողջական, և մենք կարող ենք ասել՝ ինչից է պտղի ներարգանդային մահն առաջացել:

Ըստ վկայագրության՝ ծննդաբերական ընթացքը եղել է նորմալ, և ճիչերի շրջանում արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, պտուղը ծնվել է պորտալարը փաթաթված վզով: Սա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ և պտղի ներարգանդային աճի դանդաղման, և կարող է այդ երկրորդ փուլում՝ ճիչերի շրջանում, բերել պտղի ներարգանդային մահվան, բայց հստակ դեռևս մենք պատճառների մասին կամ ախտորոշման մասին չենք կարող ինֆորմացիա տալ, որովհետև չենք տիրապետում նման տվյալների»:

Տեսանյութեր

Լրահոս