Հովիկ Աբրահամյան. «Ամենակարևորը Հայաստան-Սփյուռք-Արցախ համատեղ ծրագրերի միջոցով մայր հայրենիքի հետ կապերի պահպանումն ու ամրապնդումն է»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Երկրի վարչապետը ողջունել է ամառային դպրոցի ներկայացուցիչներին, կարևորել դրա շարունակականությունը և ընդհանրապես նմանատիպ միջոցառումների պարբերական անցկացումը: «Նման ծրագրերը մեր երկրի համար շատ կարևոր են. ամենակարևորը, որ դրանց միջոցով պետք է փորձենք ամրապնդել կապը մայր հայրենիքի հետ և ակտիվացնել նման այցերը, առիթներ ստեղծենք, որպեսզի դուք կարողանաք այցելել հայրենիք», – դիմելով ներկաներին՝ նշել է գործադիրի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը նպաստող այսպիսի ծրագրերի իրականացմանը:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության և ծրագրով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Այնուհետև ծավալվել է անկաշկանդ զրույց, որի շրջանակում Հայաստանի վարչապետը պատասխանել է սփյուռքահայ հայրենակիցներին հուզող հարցերին: Կառավարության ղեկավարը ներկաների խնդրանքով անդրադարձել է ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններին, տնտեսական զարգացման առաջնահերթություններին, սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ ծրագրերի իրականացմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանն ուղղված համահայկական ծրագրերի ֆինանսավորման ավելացմանը և այլ խնդիրների:
Եզրափակելով խոսքը՝ վարչապետ Աբրահամյանը հորդորել է ամառային դպրոցի մասնակիցներին շարունակել Մայր հայրենիքի սահմաններից դուրս հայապահպանության դժվարին ու պատվաբեր գործը:
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրն իրականացվում է 2012 թվականից Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: Այս տարի դասընթացներն իրականացվում են վեց ուղղությամբ՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևմտահայերեն և արևելահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց» և 2014 թվականից նաև՝ «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման դասընթաց»: Դպրոցը մեկնարկել է հուլիսի 7-ին՝ հայոց լեզվի դասընթացով, կեզրափակվի օգոստոսի 2-ին՝ համայնքային գործի կազմակերպիչների դասընթացով: Ընդհանուր առմամբ դպրոցի դասընթացներին մասնակցում է Սփյուռքից ժամանած շուրջ 250 մասնակից: