Եթե Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի. «Առավոտ»
«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին»,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.
«Մասնավորապես, ԵՄ պատժամիջոցները ներառում են ՌԴ-ին զենքի մատակարարման եւ ռուսաստանյան զենքի գնման էմբարգո, արգելվելու է էներգակիրների, հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստան, փակվելու է նաեւ ռուսաստանյան որոշ բանկերի մուտքը եվրոպական բանկային շուկաներ:
Միացյալ Նահանգներն, ի դեպ, զգուշացրել է մեր երկրին, որ «Ռոսնեֆթի», «Գազպրոմբանկի» եւ ՎՏԲ-ի հետ գործարքները կարող են ռիսկային լինել:
Արեւմտյան վերլուծաբանների մի մասը, սակայն, գտնում է, որ հատկապես «բանկային» պատժամիջոցները կարող են վնաս բերել ոչ միայն ռուսաստանյան, այլեւ արեւմտյան բանկերին: Այստեղ չկա, ասենք, Լոնդոնի «Սիթի»-ի մենաշնորհ, եւ ռուսաստանյան ֆինանսական կապիտալը կարող է նոր ռեսուրսներ գտնել, օրինակ՝ Չինաստանում, իսկ արեւմտյան բանկերը, խոշոր գործընկեր կորցնելով, կտուժեն:
Եթե, այդպիսով, Ռուսաստանը դիմանա պատժամիջոցներին, եւ այդ երկրի քաղաքացիների կյանքը դրանց արդյունքում կտրուկ չվատանա, ապա Արեւմուտքը կհասնի ճիշտ հակառակ էֆեկտի, եւ Պուտինի հանդեպ ռուսաստանցիների պաշտամունքը միմիայն կամրապնդվի` «մեզ ծեծում են (մեղմ ասած), իսկ մենք ուժեղանում ենք» հայտնի բանաձեւով: Բայց եթե նույնիսկ ռուսաստանյան տնտեսությանը շատ ուժեղ վնաս հասցվի, մի՞թե պատժամիջոցները կհասնեն իրենց նպատակին:
Ինչո՞ւ տնտեսական իրավիճակի վատթարացումը պետք է Պուտինին ստիպի, որ նա վաղը կամ մյուս օրը դադարի զինել Ուկրաինայի Արեւելքում պատերազմ վարող ապստամբներին, չուղարկի այնտեղ ծանր զինտեխնիկա եւ ռուսաստանյան զինվորական մասնագետներին: Եթե դա է նպատակը, ապա տնտեսական պատժամիջոցների հեղինակները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք պարզապես անհույս գործ են բռնել»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։