Օսիպյանը 5 ժամ առերեսվել է իրեն «անպարկեշտ» առաջարկի մեջ մեղադրող կնոջ հետ. news.am
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ՀՔԾ-ում 5 ժամ շարունակ առերեսվել է Սուսաննա Հովհաննիսյանի հետ, որը աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` գործով վկա Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Վալերի Օսիպյանն առերեսվում է Սուսաննա Հովհաննիսյանի ավագ որդու՝ Սամվել Հովհաննիսյանի հետ:
Սուսաննա Հովհաննիսյանը NEWS.am-ին ասել է, որ ՀՔԾ-ում ինքը եւս պնդել է, որ Վալերի Օսիպյանն իրենց նման առաջարկություն է արել, սակայն Վալերի Օսիպյանը հերքել է դա։
«Ինքն ասում է՝ նման բան չի եղել, դուք եք եկել, ասել՝ օգնեք իմ տղուն, դեռ մի բան էլ ասում է, որ տղաս հոգեմետ դեղեր է օգտագործում, այնինչ իրենք են տղայիս հոգեմետ դեղեր տվել, երբ կանչել են իրենց մոտ»,- ասել է Սուսաննա Հովհաննիսյանը:
Վալերի Օսիպյանի «անպարկեշտ» առաջարկի վկան, ըստ տիկին Սուսաննայի, իր հարեւանուհին է, որը նույնպես այս պահին ՀՔԾ շենքի առջեւ է, սակայն նրան չեն կանչել հարցաքննության։
Տիկին Սուսաննան նշել է, որ հարցաքննության ժամանակ ինքը Օսիպյանին հարցեր է տվել միայն դեպքի հետ կապված, մինչդեռ Վալերի Օսիպյանի հարցերը կապ չեն ունեցել գործի հետ. «Գլխավոր հարցը՝ դուք տոկոսով փող տալի՞ս եք, ձեր ամուսինը փող կորցրե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ կապ ունի ամուսնուս երկու տարի առաջ փող կորցնելը նրա հետ, որ նրա եղբորորդին մարդ է դանակահարել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: