Գագիկ Ծառուկյանն այսօր իր հերթական շրջայցը կատարեց Նուբարաշենում կառուցվող եկեղեցի (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր իր հերթական շրջայցը կատարեց Նուբարաշենում կառուցվող եկեղեցի, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:
«Տասնամյակներ շարունակ ավելի քան տասը հազար բնակիչ ունեցող Նուբարաշեն վարչական շրջանը եկեղեցի չի ունեցել: Բնակիչներն ապավինել են հարևան համայնքներին: Դեռևս 2012թ-ին համայնքի բնակիչներն անձամբ էին խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել համայնքում եկեղեցի կառուցելու գործում: Կառուցվող այս եկեղեցին ԲՀԿ նախագահի նվերն է նուբարաշենցիներին՝ համայնքի 80-ամյա տարեդարձի առթիվ: Ինչպես համայնքի բնակիչներն են ասում՝ վերջապես իրականություն դարձավ երկար տարիների իրենց ամենանվիրական փափագը: Հաշված ամիսներ ու պատրաստ կլինի համայնքի միակ սրբատեղին: Եկեղեցին կառուցվում է ի հիշատակ 1915թ-ի Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի: Եկեղեցու բացումը նախատեսվում է 2015թ-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
ԲՀԿ նախագահը մշտապես հետևում է շինարարության ընթացքին, գիտի յուրաքանչյուր քարի տեղաշարժի ու ճարտարապետական լուծումների մասին: Գագիկ Ծառուկյանի համար եկեղեցաշինությունը հատուկ խորհուրդ ու նշանակություն ունի:
«Սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի»,- իր խոսքում նշեց ԲՀԿ առաջնորդը՝ պատրաստակամ աջակցել նուբարաշենցիներին ցանկացած հարցի առնչությամբ:
Կառույցի ճարտարապետական լուծումները հարազատ են հայ միջնադարյան եկեղեցաշինության լավագույն ավանդույթներին: Եկեղեցին ունենալու է ավելի քան 20 մետր բարձրություն, զարդաքանդակները խորհրդանշելու են Հայոց Մեծ Եղեռնը:
Եվս մի քանի ամիս ու Նուբարաշենի բնակիչները երկար սպասված եկեղեցում իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու հնարավորություն կունենան»:
ԲՀԿ գրասենյակ