
Գյումրիում տեղի ունեցած սպանության դրդապատճառը խանդն էր (տեսանյութ)

Դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացվեց հուլիսի 24-ին: Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում անհայտ անձը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին` 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:
Բացահայտման աշխատանքներին ներգրավվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողներ:
Հարցաքննվեցին սպանվածի բոլոր հարազատներն ու մտերիմները, հարևան-բարեկամները:
Շուտով տեղեկություններ ստացվեցին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը կարող է կատարած լինել պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը` իր կամ աշխատանքային ընկերներից մեկի հաշվեցուցակային զենքով:
Իսկ դրդապատճառը խանդն էր:
ՀՀ ոստիկանություն