«Ժառանգությունը»՝ Լևոն Հայրապետյանի մասին. «Դա բոլորիս պատվի ու արժանապատվության հարցն է»
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել գործարար Լեւոն Հայրապետյանի մասին, որը ներկայացնում ենք առանց կրճատման.
«Մամուլի տեղեկացմամբ՝ կտրուկ վատացել է «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրում գտնվող հայ գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մարդ, ով միշտ կանգնած է եղել Արցախի Հանրապեության պետականաշինության ակունքներում եւ մինչ օրս իր ազգանվեր գործունեությամբ նպաստում է հայության առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարմանը:
Նրա անազատության մեջ գտնվելը՝ ելնելով առողջական վիճակից, հակասում է ինչպես Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավական նորմերին: Այս հանգամանքը, ինչպես նաեւ վերջին տարիներին Հայրապետյանի ծավալած հանրային գործունեությունը՝ կապված հայկական երկու պետությունների ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների հետ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մի քանի օր առաջ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքն ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ, որն իր հերթին դիտարկում ենք որպես Արցախի կայացմանը խոչընդոտող լրջագույն հարված:
Դատապարտելով հայտնի բարերարի ճակատագրի հանդեպ ՀՀ դե ֆակտո իշխանությունների քար լռությունը, որը եւս մեկ անգամ փաստում է նրանց անգործունակությունը եւ ՀՀ քաղաքացու նկատմամբ անտարբեր, քամահրական վերաբերմունքը, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց բողոքի ու ցասումի ձայնը բարձրացնել Լեւոն Հայրապետյանի հանդեպ կիրառվող հակաիրավական, անմարդկային գործողությունների առնչությամբ եւ անել հնարավոր ամեն բան՝ օր առաջ նրան ազատություն վերադարձնելու համար: Դա բոլորիս պատվի ու արժանապատվության հարցն է»: