Բաժիններ՝

ԳՊՄԻ-ի ռեկտորը՝ եղբոր սպանության եւ նրա անձնական հարաբերությունների մասին. ԳԱԼԱ

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն արձագանքում է եղբոր սպանությունից հետո տարածված խոսակցություններին եւ հերքում է նրա սպանության մեջ կասկածվող եւ ինքնակամ ոստիկաններին ներկայացած Արման Կատունյանի փաստաբանի ձեւակերպումները, թե տուժող կողմն է սիրահետել ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը:

Հիշեցնենք, որ խոսքը Գետք գյուղում գրանցված աղմկահարույց սպանության մասին է: Այս գործը մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն Գյումրիում,այլեւ ամբողջ հանրապետությունում, ոչ միայն այն բանի համար, որ սպանվածը ԳՊՄԻ-ի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրն է, այլ որ սպանության մեջ կասկածվողը ՊՆ ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է:

Հիշեցնենք, որ սպանության դրդապատճառը, որը տարածվել էր ժողովրդի մեջ, այն էր, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա եւ որ հարեւանների մեջ ինչ-ինչ հարաբերություններ են եղել եւ Արման Կատունյանը խանդել է կնոջը:

Երեկ վերջինիս փաստաբանը՝ Երվանդ Վարոսյանը, փորձեց վերջ դնել այդ խոսակցություններին՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալի կինը սիրային ոչ մի կապ, ոչ մի հարաբերություն չի ունեցել տուժողի, սպանվածի հետ եւ որ վերջինս է տեւական ժամանակ սիրահետել Արման Կատունյանի կնոջը, եւ երիտասարդ ամուսիններով միշտ փորձել են վերջ դնել այդ ամենին: «Տուժողի կողմից եղել են տեւական ժամանակ սիրահետելու փորձեր, եւ իմ պաշտպանյալը կնոջ հետ միասին փորձել են վերջ դնել, սաստել»,-հայտարարել էր փաստաբանը:

Այսօր փաստաբանի այս հայտարարությանը որոշեց արձագանքել արդեն սպանվածի եղբայրը՝ ԳՊՄԻ ռեկտորը: Վարդեւան Գրիգորյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց.

«Փաստաբանը, բնական է, որ ամենահանցագործին էլ պետք է արդարացնի, եթե պաշտպանի դերում է հանդես գալիս, պիտի ճանապարհներ գտնի՝արդարացնելու, եւ ես կարծում եմ, որ հասարակական կարծիք ստեղծելու ամենալավ միջոցներից մեկն է, որը ընտրվել է: Բայց ես հավատում եմ, որ դատավարությունը հիմնված կլինի անպայման հիմնավոր փաստերի վրա, իսկ հիմա ես որեւէ բան չեմ ուզում ասել, որպեսզի չխոչընդոտեմ եւ չխանգարեմ նախաքննության ընթացքին:

Նրանց խնդիրն է, կրկնում եմ, հասարակական կարծիք ստեղծել, բայց հասարակությունը շատ լավ ճանաչում է մեր ընտանիքին, ուղղակի պարզ է, որ պետք է բոլոր միջոցներով աշխատի, ինքը ընդամենը իր պաշտպանյալի ցուցմուքների վրա է այդ ամբողջը ասում: Կարծում եմ, որ մեկի ցուցմունքով չէ, որ այդ դատավարությունը պիտի ընթանա, ես հավատում եմ, որ համապատասխան փաստեր պիտի հավաքվի՝ մեղավորին անմեղից տարբերելու համար»:

Ռեկտորը հերքեց իր եղբոր՝ հարեւանի կնոջը սիրահետելու մասին փաստաբանի ասածները՝ ընդգծելով. «Նախաքննությունը հիմնավոր փաստերի վրա կհիմնվի եւ կապացուցի, թե սիրահետումը միակողմանի՞ է եղել, երկկողմանի՞ է եղել…, որովհետեւ շատ- շատ փաստեր կան նաեւ, որ միակողմանի երբեք ոչ մի բան չի լինում: Ուղղակի պիտի խնդրեմ, որ սպասենք քննության ավարտին: Համապատասխան մարմինները փաստերը կհրապարակեն: Ճշմարտությունըկիմանաք այդ ընտանիքի բարոյականության հետ կապված»,- ասել է ռեկտորը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս