Գեներալների մեքենաների փոխարեն՝ ապաստարաններ. Արա Պապյանը սահմանային անվտանգության նոր լուծումներ է առաջարկում. medialab.am
Հայաստանը որպես պետություն՝ ի դեմս արտգործնախարարության, երբեք չի բողոքել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեզոք հայտարարություններից: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող անհանգիստ իրավիճակին եւ միջազգային հանրության լռությանը, ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Համանախագահների հայտարարությունների վերաբերյալ դժգոհությունները հնչել են միայն ԶԼՄ-ների մակարդակով, բայց պետական մակարդակով այդ խնդիրը երբեք չի բարձրացվել»,- ասում է Արա Պապյանը:
Իրավիճակին հուլիսի 23-ին արձագանքել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հայտարարությամբ մտահոգություն հայտնելով հակամարտության գոտում լարվածության սրացման և խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Եռանախագահները հորդորել էին զերծ մնալ գյուղերի և խաղաղ բնակիչների վրա դիտավորյալ հարձակումներից եւ հավատարիմ լինել հրադադարի ռեժիմի պայմաններին: Ինչպես միշտ, հորդորներն ու կոչերն ուղղված էին երկու կողմերին:
Սակայն, ՄԽ համանախագահեներից բացի, որոնք հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջնորդական առաքելություն են ստանձնել, Արա Պապյանը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի վրա:
«Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը բացի ռազմավարական դաշնակից համարվելուց նաեւ Բիշքեկում կնքված հրադադարի պայմանագրի միջնորդ երկիրն է, այսինքն, նա է միջնորդել, որպեսզի պատերազմական գործողությունները դադարեցվեն եւ կնքվի հրադադարի պայմանագիր եւ փաստորեն պարտավորություն է ստանձնել, որ մի ժամանակավոր պայմանագիրը ի վերջո վերջնական խաղաղության պայմանագրի վերաճի» ,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունն այս մասին երբեւէ չի հիշատակում:
Արա Պապյանի խոսքով, սահմանամերձ գյուղերի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը ոչ թե բնակչությանը զինելն է, այլ սահմանամերձ գյուղերի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելը: Ըստ փորձագետի կարելի է կրճատել ՀՀ ԶՈՒ գեներալների թիվը եւ նրանց հատկացվող միջոցներն ուղղել զինված ուժերին:
Էմմա Քալաշյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: