Եվրոպայի հայկական միությունների ֆորումը ողջունում է ԼՂՀ վարչապետի հայտարարությունը

ԵՀՄՖ Նախագահությունը, ծանոթանալով Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի կողմից սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում առաջին անգամ կատարած հայտարարությանը, որով վարչապետը հմտորեն սրբագրում է ՀՀ ԱԳՆ-ի վերջին տարիների ընթացքում վարած վախվորած և խայտառակ գործունեությունը, ողջունելի է համարում ԼՂՀ ղեկավարության քաղաքական կեցվածքն ու տված պարզաբանումը, առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների սեղանին կրկին վերադառնալու դեպքում, Մադրիդյան սկզբունքներ անվանումը կրող փաստաթուղթը չի կարող լինել քննարկման օրակարգում:

Առավել ոգևորիչ է ԼՂՀ վարչապետի պաշտոնական հայտարարությունը ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող ազատագրված տարածքների վերաբերյալ. դրանք հանդիսանում են ԼՂՀ-ի անքակտելի մաս և շենացվում են կառավարության կողմից, իրականացվում են կապիտալ աշխատանքներ, ներդրումներ, հեռանկարային ծրագրեր:

ԵՀՄՖ Նախագահությունը, ողջունելով ԼՂՀ վարչապետի պաշտոնական տեսակետը, հույս է հայտնում, որ այսուհետև ԼՂՀ քաղաքական պատասխանատուները կվարեն ինքնուրույն, համարձակ, հաղթանակած կողմին վայել արտաքին քաղաքականություն, զուգահեռաբար հզորացնելով ԼՂՀ տնտեսությունը, հստակ գիտակցելով, որ այն կհանդիսանա հիմնական երաշխիք և գրավական տարածաշրջանային երկարամյա կայունության և խաղաղության համար:

Հիմք ընդունելով վերը նշվածը` ԵՀՄՖ Նախագահությունը հայտնում է, որ շարունակելու է ԼՂՀ պաշտպանական համակարգին և տնտեսության հզորացմանը գործուն օգնություն ցուցաբերելու իր կողմից որդեգրած քաղաքականությունը` սերտ համագործակցելով և մասնակցություն բերելով ԼՂՀ կառավարության ծրագրերին:

ԵՀՄՖ Նախագահություն
29.07.2014թ.

Տեսանյութեր

Լրահոս