ԱԺ նախագահի աշխատավարձը եռապատկվել է, պատգամավորներինը՝ կրկնապատկվել. «Փաստինֆո»
Հուլիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որով պետական ոլորտում ներդրվում է վարձատրության նոր համակարգ, նախատեսվում է վարձատրության չափի բարձրացում, այդ թվում՝ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և աշխատակազմի համար: Ըստ «Փաստինֆոյի»՝ համաձայն օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։
Հիմնական աշխատավարձը` պաշտոնային դրույքաչափը, սահմանվում է օրենքով նախատեսված բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալի չափով:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
Այս տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանված է 66 հազար 140 դրամ:
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ԱԺ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից ամենաբարձր գործակիցը սահմանված է ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համար՝ 18: Այսինքն՝ ԱԺ նախագահի աշխատավարձի չափը կկազմի մոտ 1 մլն 190 հազար դրամ՝ նախկին 340 հազարի փոխարեն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համար գործակիցը սահմանված է 14, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահինը՝ 12, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալինը՝ 10.5:
Ազգային ժողովի պատգամավորի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար գործակիցը սահմանված է 10: Մինչ այժմ Ազգային ժողովի պատգամավորի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերը 300 հազար դրամ էին, սակայն նոր օրենքով տվյալ պաշտոնատար անձինք կստանան մոտ 660 հազար:
Բացի այդ, ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված են ամսական 50 հազար դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: