ԵՊՀ ուսանողական ճամբար-բանակումը Արցախում
Հուլիսի 27-ին ԵՊՀ ուսանողները մեկնեցին Հադրութի շրջանի Տող գյուղ՝ ուսանողական վրանային ճամբարում մեկ շաբաթ անցկացնելու նպատակով:
Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերն Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային և աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ և այլն:
Այս անգամ ծրագրի իրականացման հիմնական վայր է ընտրվել Հադրութի շրջանի Տող գյուղը, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը և Ուսանողական խորհուրդը կազմակերպում են ուսանողական վրանային ճամբար-բանակում, որին մասնակցում են նաև արցախցի ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:
Նախաձեռնության նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները, մեկ հարկի տակ համախմբել Արցախի խնդիրներով մտահոգ երիտասարդներին, ովքեր տեսակետների և փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման միջոցով կամրապնդեն համագործակցության կապեն ու կնախաձեռնեն նոր ծրագրեր: Ճամբարի վրանային պայմանները լավագույնս կօգտագործվեն ռազմահայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի և թիմային հոգու խթանման համար:
Ճամբարի ծրագրով նախատեսված են նաև մի շարք դասախոսություններ ու սեմինարներ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախի պատմության, ԼՂՀ հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ, կլինեն նաև հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ:
Հադրութի շրջան մեկնելիս ճամբարի մասնակիցներն եղան Խնձորեսկում՝ Մխիթար Սպարապետի գերեզմանին: Ճամբարականներն առաջիկա օրերին նախատեսում են այցելել նաև Դիզափայտի լեռան գագաթին գտնվող Սուրբ Կատարո վանք, Ազոխի քարանձավներ, Ամարաս վանք, Տիգրանակերտ, իսկ վերադարձին՝ Շուշիի Ղազանչեցոնց եկեղեցի:
ԵՊՀ