Ստեփան Սաֆարյան. Ալիևը գիտի իր սահմանները, որը չի կարող անցնել

«Ալիևը գիտի իր սահմանները, որը չի կարող անցնել: Եթե Ալիևն այդպիսի սահմաններ չունենար, նա արդեն իսկ գնացած կլիներ պատերազմի վերսկսման քայլին»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ադրբեջանական կողմի վերջին սադրանքները:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը հուլիսի 25-ի ուշ երեկոյան` գնդակոծելով Տավուշի մարզի մի շարք գյուղեր, այդ թվում` Մովսեսը, Այգեպարը, Ներքին Կարմիրաբյուրը, Չինարին: Հայկական կողմից, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` ադրբեջանական կողմից կան երկու վիրավորներ: Այս փաստը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայկական կողմը չի պատասխանել հակառակորդի անկանոն կրակոցներին, պատասխանել է միայն այն ժամանակ, երբ սկսել են կրակել կանոնավոր:

Ս. Սաֆարյանը, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ են այսպիսի միջադեպերն ավելացնում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը, ասաց, որ  այս պահին այդպիսի ռիսկեր չի տեսնում. «Ադրբեջանը ո´չ հաղթելու բոլոր երաշխիքներն ունի, ո´չ էլ այդ արկածախնդրությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու և անպատիժ մնալու ռեսուրսները: Դրան նաև գումարվում է Ալիևի իշխանությունը պահելու խնդիրը, ինչը նրան թույլ չի տա գնալ այդ արկածախնդրությանը: Այլ բան է, որ ուղղակի սադրանքների մասշտաբներն են փոխվել, և, ցավոք սրտի, զոհերն են ավելացել»:

Վերլուծաբանի խոսքով` Ադրբեջանի ողջ ռազմավարությունը հետևյալն է. ճնշում գործադրել միջազգային հանրության վրա: Ըստ նրա` Ադրբեջանը Սարգսյան-Ալիև անորոշ հանդիպումից առաջ ուզում է հիշեցնել, որ խնդիրը պետք է լուծում ստանա տարածքային ամբողջականության շրջանակներում, երկրորդը, նա փորձում է վախեցնել, սարսափեցնել հայկական կողմին, թե Ադրբեջանը շատ է հզորացել և կարող է հետ վերցնել «իր» հողերը: Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ իր հասարակությանը, որ ադրբեջանական բանակը մարտունակ է:

Կարդացեք նաև

Սաֆարյանի մեկնաբանությամբ`Ադրբեջանը իր առջև դրված այս խնդիրները լուծելու համար նախկինում օգտագործում էր դիպուկահարներին, սակայն իրենց հաշվարկով` նախկին գործիքներն այլևս չեն տալիս ցանկալի արդյունք, հետևաբար ադրբեջանական ուժերն այժմ անցել են ավելի ծանր զինատեսակների կիրառմանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հարցին` Ս. Սաֆարյանն ասաց. «Ֆրանսիայի նախագահ Օլանդը, այցելելով Բաքու և Երևան, հիշեցրեց, որ ինքը պատրաստ է կազմակերպել այդ հանդիպումը Փարիզում: Իսկ հանդիպման համաձայնությունը Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը տվել էին դեռևս մարտի վերջին Հաագայում, բայց Ալիևն այս պահին ցանկանում է օրակարգ ձևավորել և հարցերն այդ օրակարգում դնել այնպես, ինչպես ինքն է ուզում: Հետևաբար, այս բոլոր իրադարձությունները կոչված են տարբեր եղանակներով ազդելու այդ օրակարգի վրա»:

 

Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի հասարակական արձագանքն սահմանային իրադարձություններին և ներքին տրամադրությունները, Ս. Սաֆարյանն այսպիսի պատասխան տվեց. «Բացարձակապես անադեկվատ, որովհետև քաղաքական դասը, կառավարող դասը անադեկվատ են մնում իրավիճակին: Որևէ այլ նորմալ երկրում սա չէր կարող անարձագանք մնալ: Կհրավիրվեին խորհրդարանական լսումներ, համապատասխան լսումներ հանձնաժողովներում: ԱԺ-ում երկու հանձնաժողովներ ուղղակիորեն առնչվում են այս հարցերին` պաշտպանության, ազգային անվտանգության և նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները, բայց մենք տեսնում ենք, որ ամբողջ քաղաքական դասն արձակուրդ է մեկնել: Եվ, բացի այդ, որևէ քաղաքական գնահատական, որևէ հայտարարություն չի հնչում: Ելույթները շատ քիչ են: Անհրաժեշտ են շատ ավելի լուրջ և համալիր միջոցառումներ, որոնք կենթադրեն դիվանագիտական լուրջ աշխատանք միջազգային կառույցներում, խորհրդարանական դիվանագիտություն և նաև ադեկվատ հասարակական կարծիքի ձևավորում: Իսկ հանրային կարծիքի ձևավորումը պիտի իրականացվի չափազանց ճիշտ և, այսպես ասեմ, խուճապ և վախեր չառաջացնող տեղեկատվությամբ, լրահոսի և նաև քաղաքական ուժերի հայտարարությունների պայմաններում: Բայց մենք մինչև հիմա ունենք Տեր-Պետրոսյանի հարցազրույց, որից, ներողություն, ավելի շատ ոգևորվել են ադրբեջանցիները, իսկ հայկական կողմն, ըստ էության, չընդունեց դա»:

Տեսանյութեր

Լրահոս