Բեկորներից է զոհվել. Արցախում զոհված զինվորին կհուղարկավորեն զինվորական կարգով. NEWS.am
Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերից մեկում զոհված 19-ամյա Խաչատուր Բադասյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 27-ին. նրան հուղարկավորելու են զինվորական կարգով: Այս մասին NEWS.am-ին ասաց Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շառոյանը:
«Դին երեկ ցերեկն են բերել: Գյուղում փոքրիկ գերեզմանոց ունենք՝ Եռաբլուրի նման, որտեղ մեր կռված տղաներն են թաղված, հենց նրանց կողքին էլ Խաչատուրինն է լինելու: Ամբողջ ծախսը պաշտպանության բանակն է հոգացել, հոգեհանգստին էլ իր գնիդ հրամանատարն էլ եկել, այսօր էլ Պաշտպանության բանակից են մարդիկ գալու»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ հակառակորդի գնդակն անմիջապես Խաչատուրին չի դիպչել, ընկել է կողքին, որի բեկորներից էլ զինվորը վնասվածքներ է ստացել եւ զոհվել:
«Հայրն ու հորեղբայրն էլ Ռուսաստանից եկել են, ամբողջ գյուղն իրենց կողքին է, ինչով կարող ենք, օգնում ենք»,- ավելացրեց Վահրամ Շառոյանը:
Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու «Արիության մեդալով» պարգեւատրել է 19-ամյա զինծառայողին:
Մանրամասներն՝ այստեղ